Home / Ազգային ժողով / Խաղաղությունը և Լևոն Տեր -Պետրոսյանի էլեգանտ հեռանալը

Խաղաղությունը և Լևոն Տեր -Պետրոսյանի էլեգանտ հեռանալը

Արթուր Մինասյանը ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ֆեյսբուքյան իր էջում արտատպել է իր մարտի 22-ի գրառումը Լևոն Տեր֊Պետրոսյանի, Կոնգրես֊ՀԺԿ դաշինքի քարոզարշավի, խաղաղության գաղափարի մասին։

ՀԱԿ-ն ամենայն հավանականությամբ խորհրդարան չի անցնելու: Դա ակնհայտ էր դեռ քարոզչության մեկնարկից առաջ ու դրանից էլ ավելի առաջ անգամ, իսկ հիմա, երբ քվեարկությանը մնացել ա մոտ 10 օր, դա էլ ավելի ակնհայտ ա: Տեր-Պետրոսյանն էլ դա շատ լավ հասկանում էր: Սա էր պատճառը, որ խաղաղությունը հռչակեց ընտրություններին մասնակցության լոզունգ: Քաղաքական արենայից էլեգանտ ա պետք հեռանալ, իսկ ով-ով՝ Տեր-Պետրոսյանը դա շատ լավ անել գիտի:

Ղարաբաղի հարցը լուծած սերունդները կասեն՝ Հայաստանի հիմնադիր նախագահ, որը երկու անգամ էլ քաղաքական դաշտից հեռացավ՝ չհասկացված լինելով խաղաղությունը չգնահատող ժողովրդի մեծամասնության կողմից, լինելով իր ժամանակից շատ առաջ: Դե իսկ Կոնգրեսի՝ իբրև կազմակերպության գոյատևման մինիմալ ապագան էլ ապահովվում է. խաղաղությունը մի թեմա ա, որ մշտապես ակտուալ ա: Կլինեն արտախորհրդարանական՝ անունով կուսակցություն, էությամբ հասարակական կազմակերպություն: Peacebuilding-ի: Խաղաղարարական գրանտներ էլ գուցե ստանան, եթե հաջողացնեն կուսակցությանը կից հ/կ-ներ ստեղծել: Կարճ ասած՝ կմնան հասարակական ջրի երեսին ինչ-որ կերպ: Մինչև ավելի լավ ժամանակներ:

Սա, իհարկե, Տեր-Պետրոսյանի պլան մինիմումն ա, թեև հենց էս տարբերակն ա կարծես աշխատում: Պլան մաքսիմումը կլիներ 7 տոկոսը: Կարելի էր, իրականում, խաղաղության լոզունգով 7 տոկոս ստանալ ու կուսակցությունը պահել քաղաքական արենայում: Խաղաղության լոզունգի համար թե՛ ներսում, թե՛ դրսերում առնվազն 7 տոկոսանոց Կոնգրեսի խմբակցություն լինելու շահագրգիռ մարդիկ/ուժեր/պետություններ կան: Բայց այդ 7 տոկոսը նկարել ու սկուտեղի վրա մատուցել Կոնգրեսին ոչ ոք չի կարող: Աջակցել՝ այո, օժանդակել՝ այո, քվեները չխլել՝ այո, բայց Կոնգրեսը ի՛նքը պիտի 7 տոկոս՝ մոտ 70-80 հազար մարդու համոզի ձայն տալ իրեն: Իսկ դրա համար որակյալ քարոզչություն ա պետք, ոչ թե էն ոչ պրոֆեսիոնալ զավեշտը, որն իրականացնում են Տեր-Պետրոսյանի շուրջը հավաքվածները:

Տեր-Պետրոսյանն առավելագույն հնարավորն արեց իր կուսակցության համար: Կուսակցությունն ապաշնորհ դուրս եկավ: Թե ինչու էդքան տաղանդավոր ու հանճարեղ մարդու կողքին էտքան անտաղանդ մարդիկ են հավաքված՝ այլ հարց ա: Ափսոս, որ Կոնգրեսը կընկնի 2000-ականների ՀՀՇ-ի օրին: