Home / Շուկա / Մսավաճառները դժգոհ են սպանդանոցներից, բայց վարչապետի ազգականի նախագծի դեմ չեն բողոքի

Մսավաճառները դժգոհ են սպանդանոցներից, բայց վարչապետի ազգականի նախագծի դեմ չեն բողոքի

Կառավարությունն առաջարկում է սպանդանոցային մորթը դարձնել պարտադիր, ոչ սպանդանոցային եղանակով մորթի ենթարկված կենդանական ծագման միսը շուկայում շրջանառելն արգելել։ Օրենքը խախտած ֆիզիկական անձանց առաջարկվում է տուգանել 20 հազար դրամի չափով, պաշտոնատար անձանց՝ 100 հազար դրամով։ Օրենսդրական փոփոխություններն այսօր Ազգային ժողովում ներկայացրել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերիքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը։

«Կներդրվի պարտադիր պահանջ, ինչպես նաև կենդանական ծագման մթերքի մակնշման մեջ կլինի սպանդանոցի վերաբերյալ տեղեկակտվություն ներառելու պահանջ՝ սպանդանոցի անվանումը, սպանդի ամսաթիվը»,֊ ասել է Կարապետյանը։

Պաշտոնյան նշել է, որ այս պահին Հայաստանում գործում է 8 սպանդանոց, իսկ օրենքի ընդունումից հետո կկառուցվեն ու կգործեն մոտ 40-ը։

Epress.am֊ը զրուցել է մսի մանրածախ վաճառքով զբաղվող անձանց հետ, որոնք կիսվել են իրենց մտահոգություններով, սակայն խնդրել են չհրապարակել իրենց անունները։ Նրանց կարծիքով՝ սպանդանոցների ստեղծումը նոր թանկացումներ է բերելու մսի շուկայում։

«Այս վերջին թանկացումներն էլ արհեստական էին, ասում են՝ խոտ չկար, կամ արտահանումն էր շատ։ Ո՞նց եղավ, որ այս աղմուկից հետո էլի իջան գները։ Իրենք կոռուպցիան կառավարելով՝ թանկացնում֊էժանացնում են։ Այս թանկացումներն արվեցին, որ մարդիկ անասուները չմորթեն մինչև կլինեն սպանդանոցները՝ իրենց սպանդանոցները, բնականաբար»,֊ ասել է միս վաճառողներից մեկը։

Նա նշել է նաև, որ իրենք մի քանի ընկերներով դիմել են սպանդանոց կառուցելու համար, իրենց գյուղնախարարությունում մերժել են թույլտվություն տալ՝ ասելով, որ հայտ ներկայացնողը պետք է ունենա 100 հազար դոլար արժողությամբ գույք։

Մսի վաճառքով զբաղվողներից մեկն ասել է, որ իրենք չեն պատրաստվում որևէ կերպ բողոքել նոր օրենքի դեմ։

«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը վարչապետ Կարեն Կարապետյանի քրոջ փեսան է։ Պարզ չէ՞, որ մեր բողոքելն անիմաստ է»,֊ ասել է նա։

«Սպանդանոցներ կան Ռուսաստանում, բայց էլի պարտադիր չի, ուղղակի գները նորմալ է, մարդիկ օգտվում են այդ ծառայություններից։ Կուզեն, չեն օգտվի։ էդ ինչ անասնապահություն, ինչ գյուղատնտեսություն ունի Հայաստանը, որ սպանդանոցները դարձնում է պարտադիր»,֊ ասել է մեկ այլ վաճառող։

Նա ընդգծել է, որ սպանդանոցների պարտադիր լինելու դեպքում փոքր բիզնեսով զբաղվողները կվերանան։

«Այստեղ մեկը թոք է վաճառում, մեկը կաշի, մեկը՝ լեզու։ Ռեստորանները մեր տեղը գիտեն, գալիս, մեզնից են առնում՝ մի քիչ էժան է, քան սուպերմարկետներում։ Սպանդանոցը լինի, միանգամից սպանդանոցից կառնեն՝ էդ ամեն տեսակի միսը՝ մեկ տեղից», ֊ ասել է մսավաճառը։