Դեյվիդ Գրեբերի «Պարտք․ Առաջին հինգ հազար տարին» գրքից
Գլուխ տասներորդ, հատվածներ
«Գները կախված են Ալլահի կամքից. նա է բարձրացնում կամ իջեցնում դրանք»։
վերագրվում է Մուհամմադ մարգարեին
(…) Միջնադարում իսլամը միայն Արևմտյան քաղաքակրթության առանցքը չէր, այլ դրա ընդարձակվող եզրը, որը ճանապարհ էր հարթում դեպի Հնդկաստան, տարածվում Աֆրիկայում և Եվրոպայում, միսիոներներ ուղարկում և նորադարձներ ձեռք բերում Հնդկական օվկիանոսով մեկ: Իսլամում գերիշխող վերաբերմունքը օրենքին, կառավարությանը և տնտեսական հարցերին Չինաստանում տարածվածի ճիշտ հակառակն էր: Կոնֆուցիականները կասկածամտորեն էին վերաբերվում խիստ օրենսգրքերով կառավարմանը և նախընտրում ապավինել կրթված գիտունի (որը նաև կառավարական չինովնիկ էր համարվում) արդարության զգացումին։ Մյուս կողմից՝ միջնադարյան իսլամը եռանդով ընդունում էր օրենքը, որը դիտվում էր որպես Մարգարեից եկող կրոնական հաստատություն, իսկ կառավարությունն ավելի հաճախ ընկալվում էր որպես ցավալի անհրաժեշտություն՝ ինստիտուտ, որից իսկապես բարեպաշտները լավ կանեին խուսափել։
(…) Հատկապես թշնամություն կար գնագոյացման պես բաների նկատմամբ։ Տարածված մի պատմության մեջ նշվում է, որ Մեդինայում դեֆիցիտի ժամանակ Մարգարեն հրաժարվել է վաճառականներին ստիպել իջեցնել գները՝ համարելով դա սրբապղծություն, քանի որ ազատ շուկայի պայմաններում «գները կախված են Աստծո կամքից» («Մուհամմադի համար շուկայի բնական կարգավորումը համապատասխանում է տիեզերական ռեգուլյացիային։ Գները բարձրանում և իջնում են, ինչպես գիշերը հաջորդում է ցերեկվան, մակընթացությունը հաջորդում է տեղատվությանը։ Գին պարտադրելը ոչ միայն անարդար է վաճառականի նկատմամբ, այլև խաթարում է իրերի բնական դասավորությունը»)։ Իրավագետների մեծ մասը Մուհամմադի այս որոշումը մեկնաբանում է այսպես. շուկայական մեխանիզմներին պետական ցանկացած միջամտություն պետք է համարվի սրբապղծություն, քանի որ շուկաները նախագծվել են Աստծո կողմից որպես իրենք իրենց կարգավորող։
Սրա ապշեցուցիչ նմանությունը Ադամ Սմիթի «անտեսանելի ձեռքի» հետ (որը նաև Աստվածային Նախախնամության ձեռքն էր) գուցե լրիվ պատահական չէ։ Սմիթի օգտագործած սպեցիֆիկ փաստարկների և հիշատակած օրինակների մի մասը սերում են Միջնադարյան Պարսկաստանում գրված տնտեսագիտական տրակտատներից։ Օրինակ՝ փաստարկը, որ փոխանակումը մարդկային ռացիոնալության և խոսքի բնական արդյունքն է, ոչ միայն հանդիպում է Ղազալիի (մ.թ. 1058-1111) և Տուսիի (մ.թ. 1201-1274) մոտ, այլև հիմնավորվում է նույն իլյուստացիայով. ոչ ոք երբևէ չի տեսել, որ շները փոխանակվեն ոսկորներով։ Ավելին, աշխատանքի բաժանման Սմիթի ամենահայտնի օրինակը՝ քորոցների գործարանը, որում 18 առանձին գործողություն է պահանջվում մեկ քորոց արտադրելու համար, հանդիպում է նաև Ղազալիի Իհյայում (Iḥyāʾ ʿUlūm al-Dīn). նա ասեղների գործարան է նկարագրում, որում մեկ ասեղ արտադրելու համար պահանջվում է 25 տարբեր օպերացիա։
Սակայն տարբերությունները նույնքան կարևոր են, որքան նմանությունները։ Մեկ դիպուկ օրինակ․ ինչպես Սմիթը, Տուսին իր տնտեսագիտական տրակտատը սկսում է աշխատանքի բաժանման քննությամբ։ Բայց եթե Սմիթի համար աշխատանքի բաժանումը «առևտրի և բարտերի մեր բնական հակվածության» հետևանքն է՝ հանուն անհատական շահի, ապա Տուսիի համար դա փոխադարձ օգնության ընդլայնված ձև է։ (…)
Նա ասում է, որ աստվածային նախախնամությունը մեզ օժտել է տարբեր կարողություններով, իղձերով և հակումներով։ Շուկան փոխօգնության և կարողությունների (առաջարկ) ու կարիքների (պահանջարկ) համապատասխանեցման ընդհանրական սկզբունքի ընդամենը մեկ արտահայտումն է կամ, եթե թարգմանենք իմ կողմից ավելի վաղ օգտագործված եզրույթների, այն ոչ միայն հիմնվել է բազային կոմունիզմի վրա, այլ հենց ընդլայնումն է բազային կոմունիզմի, որի վրա պետք ա հենվի ցանկացած հասարակություն։
Սա իհարկե չի նշանակում, որ Տուսին արմատական էգալիտարիստ է։ Լրիվ հակառակը։ «Եթե մարդիկ հավասար լինեին», պնդում է նա, «բոլորը կկործանվեին»։ Հարուստների և աղքատների միջև տարբերությունները մեզ պետք են ճիշտ այնքան, պնդում է նա, որքան տարբերությունները ֆերմերների և փայտագործների միջև։ Այնուամենայնիվ, եթե դու ելնում ես նախադրյալից, որ շուկաներն ավելի շատ համագործակցության մասին են, քան մրցակցության (իսկ մահմեդական տնտեսագետները, թեև ընդունում էին շուկայական մրցակցության անհրաժեշտությունը, երբեք չէին դիտարկում այն որպես շուկայի բուն էություն) բարոյական հետևանքները միանգամայն այլ են լինում։ (…)
Ղազալին նշում է, որ խնդիր կարող է առաջանալ, եթե մեկը չունենա այն բանի կարիքը, որը մյուսն առաջարկում է։ Բայց սա ավելի շուտ կողմնակի միտք է, նրա իրական խնդիրը կոնցեպտուալ է։ Ինչպե՞ս համեմատել ընդհանուր որակներ չունեցող երկու իրերը։ Նրա եզրակացությունն է՝ միակ ձևը երկուսն էլ մի երրորդ իրի հետ համեմատելն է, որն առհասարակ չունի որակներ։ Այս նպատակով, բացատրում է նա, Աստված ստեղծել է դինարներն ու դիրհամները՝ ոսկուց ու արծաթից մետաղադրամները․ մետաղներ, որոնք այլապես ոչ մի բանի պետք չեն։ Դիրհամներն ու դինարները իրենք իրենցով անպիտան են, դրանք ասես քարեր լինեն։
Դրանք ստեղծվել են ձեռքից ձեռք փոխանցվելու համար, որպեսզի կառավարեն և հեշտացնեն գործարքները։ Դրանք սիմվոլներ են՝ ապրանքների արժեքը և տիպը իմանալու համար։ Հենց օգտագործելիության և արժողությունից բացի՝ բոլոր այլ բնութագրիչների բացակայության պատճառով է, որ դրանք կարող են դառնալ սիմվոլներ, չափման միավորներ։ Իրը կարող է հստակ կապվել բոլոր այլ իրերին, եթե չունի իրեն հատուկ ձևը կամ հատկանիշը, օրինակ՝ անգույն հայելին անդրադարձնում է բոլոր գույները։ Նույնն է փողի պարագայում. այն չունի սեփական նպատակը, այլ ծառայում է որպես միջոց՝ ապրանքներ փոխանակելու համար։ Սրանից է հետևում, որ տոկոսով փող տալն անօրինական է, քանի որ դա նշանակում է օգտագործել փողը որպես ինքնանպատակ. «Փողը չի ստեղծվել փող աշխատելու համար»։
Նա փաստացի ասում է հետևյալը․ «այլ ապրանքների հետ հարաբերվելիս դիրհամներն ու դինարները ասես նախդիրներ լինեն նախադասության մեջ»՝ բառեր, ինչպես քերականագետներն են սովորեցնում, որոնք օգտագործվում են այլ բառերին իմաստ հաղորդելու համար, և կարողանում են դա անել, զուտ որովհետև չունեն սեփական իմաստ։
հատվածներ առաջին գլխից՝ Պարտքի մասին
հատվածներ երկրորդ գլխից՝ Փողի մասին
հատվածներ երրորդ գլխից՝ Հարկի մասին