Home / Բնապահպանություն / Արդվիի դեպքը պետք է նախադեպ դառնա Հայաստանի համար․ քննարկում

Արդվիի դեպքը պետք է նախադեպ դառնա Հայաստանի համար․ քննարկում

Լոռու մարզի Արդվի համայնքի բնակչությունը մտահոգված է, որ իրենց համայնքում «ՄԻՌԱՄ» ՍՊԸ-ն ցանկանում է հանքարդյունաբերական գործունեություն (Շեկաղբյուրի ծրագիր) ծավալել՝ վտանգելով գյուղի բնակչության առողջությունը։ Համայնքի բնակչությունը հաստատակամ է թույլ չտալ հանքի շահագործումը։

«Մենք խնդրի մասին իմացել ենք հուլիսին՝ լրատվամիջոցներից, թե տեղի են ունեցել երկրորդ լսումները։ Գյուղացիների համար զարմանալի էր, քանի որ առաջին լսումներից, որպես այդպիսին, մենք տեղյակ չենք եղել։ Մենք երկրորդ անգամ համոզվեցինք Մղարթում (հարևան համայնք), որ առաջին լսումները հիմնականում կեղծվում են։ Այն ոչ թե Բնապահպանության նախարարությունն է իրականացնում, այլ ինչ֊որ ընկերություն։ Գյուղացիները վրդովվել էին, թե ի՞նչ է նշանակում երկրորդ լսումներ, եթե մենք առաջինի մասին անգամ տեղյակ չենք եղել», ֊ Epress.am֊ի խմբագրությունում քննարկման ժամանակ ասել է Արդվի համայնքի ներկայացուցիչ Սուրեն Կիրակոսյանը։

Նա ընդգծել է, որ Արդվիի համայնքի դիմադրությանը միացել է նաև Մղարթը, որտեղ լսումներին 15 մարդ է մասնակցել, մինչդեռ գյուղի բնակչությունը 400 է։

Բնապահպան Լևոն Գալստյանի կարծիքով՝ ոլորտում իրավական դաշտի հետ կապված լուրջ խնդիրներ կան․ «Ցանկացած կարծիք ունենալու դեպքում, երբ դու մասնակցում ես հանրային քննարկումներին և եթե անգամ գյուղի բնակչությունն ամբողջությամբ դեմ է արտահայտվում որևէ ծրագրի, դա ոչ մի իրավական հիմք չունի, որը հետագայում կօգնի այդ ծրագրին բացասական եզրակացություն տալ»։

Քննարկման մասնակից բնապահպան Աննա Շահնազարյանի խոսքով՝ Արդվիի դեպքը նախադեպային է Հայաստանում։

«Ես զարմացած էի և առաջին անգամ էի տեսնում, որ մարդիկ ոչ միայն խնդրին են դեմ, այլև՝ քննարկմանը ներառյալ։ Ինձ համար սա նախադեպային է։ Հանրային լսումների հարցը, հատկապես բնապահպանականան հարցերի շուրջ, պարտադիր են։ Բայց ի՞նչ ասել է հանրային լսում՝ հատկապես հանքարդյունաբերական ծրագրերում… Համայնքները չեն մասնակցում լսումներին, որովհետև թեմա չկա։ Հանքարդյունաբերությունը ֆինանսավորվող գործունեություն է, և արտասահմանյան ֆինանսավորողները հարցնում են՝ դուք ինֆորմացրե՞լ եք համայնքներին, այդ թվում նաև բացասական հետևանքների մասին և ստացե՞լ եք իրենց համաձայնությունը։

Հիմա ինչն է սկզբունքային։ Որ եթե մեր երկրում օրենքը զրկում է օրենքով իրավազորություն ունենալու հնարավորությունից, մենք ունենք օրենքից դուրս իրավազորություն, և դա մեր հնարավորությունն է բոյկոտել հանրային լսումները, որը կնշանակի, որ իրենց թղթերի մեջ հանրային լսումների պահը բաց է մնալու», ֊ ասել է Շահնազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․