Հուղարկավորության արարողության հետ կապված հարցերին էին այսօր անդրադարձել «Բնակչության սպասարկում» ՓԲԸ տնօրենի օգնական Գաբրիել Գաբիկյանը, Սուրբ Հովհաննես եկեղեցու սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Եթե մարդը մահանում է և տեղ չունի, մենք նրան տեղ ենք հատկացնում ընտանեկան գերզմանոցում 3-4 մետրի չափով, ոչ ավել, իսկ եթե ընտանիք չունի, նոր կառուցված գերեզմանում տեղեր կան` 1 մետրը 2,5-ի վրա, այդտեղ միայն մեկ հոգի է թաղվում, և հուշատախտակ է դրվում», – նշեց Գաբրիել Գաբիկյանը:
Նա նաև ներկայացրեց գերեզմանատանը տեղ ստանալու կարգը.
«Հարազատները գալիս են մեզ մոտ բժշկի թղթով, այդ թուղթը մտնում է զագս, զագսում ստանում է մահվան վկայական և անցնում մեր բաժին, մուծում են անում փոս փորելու համար 26 900 դրամ»:
Գաբիկյանի տեղեկացմամբ` Երևանում օրական անցկացվում է 15-20 հուղարկավորություն:
Տեր Շմավոնը, իր հերթին, անդրադառնալով հուղարկավորության կարգին, ասաց, որ ժամանակին ննջեցյալին տանում էին եկեղեցի, իսկ այսօր ննջեցյալին միայն Նորագավիթի եկեղեցում են դնում:
Ինչ վերաբերում է շքեղ դամբարաններ կառուցելուն, տեր Շմավոնի կարծիքով, այս ամենը մրցույթի է նմանվում: Քահանան հեթանոսություն համարեց մահացածի տանը զանազան շորերով հայլիների փակելը:
«Լավ կլիներ, որ ցանկացած սգո սերվիս մինչև իր գործունեությունը սկսելը եկեղեցու հետ համաձայնեցներ: Քանի որ նրանք սխալ գործողությունների կրողն ու փոխանցողն են դառնում», – ասաց տեր Շմավոնը:
Վերջինս նաև նշեց, որ մեր եկեղեցին դեմ է դիակիզումներին:
Նշենք, որ Ահարոն Ադիբեկյանը ասուլիսին մասնակցում էր որպես հասարակության կարծիքի ներկայացուցիչ: Նա հուղարկավորության արարողակարգի հետ կապված հարցերն էր բարձրացնում ու փորձում ստանալ պատասխաններ: