Օգոստոսի 17-27-ը Մորդովիայի Ներքին գործերի նախարարության աշխատակցիները «Անօրինական ներգաղթյալ» միջոցառումների շարք են իրականացրել, որի արդյունքում հայտնաբերվել է առանց գրանցման երկրում բնակվող 69 մարդ:
Մորդովիայի Հանրապետության ՆԳՆ տեղեկատվության և հասարակական կապերի բաժնի հաղորդմամբ` միջոցառման շրջանակներում ոստիկանները հետազոտել են շինարարական տարածքները, առևտրի կետերն ու կենցաղային սպասարկման կենտրոնները:
Ոստիկանների գործողությունների ընթացքում մի շարք իրավախախտումներ են հայտնաբերվել: Հայաստանի երկու քաղաքացիների մոտ կեղծ դրամներ են հայտնաբերել, իսկ Բելառուսի մի քաղաքացի, ով առանց գրանցման է բնակվում Մորդովիայում, մեղադրվում է սպանության մեջ: Հայտնաբերել են նաև 69 օտարերկրացու, ովքեր առանց գրանցման իրավունքի ապրում են Մորդովիայում, հաղորդում է «Столица С»-ն:
Պատասխանատվության է ենթարկվել նաև 30 գործատու, ովքեր աշխատանքով են ապահովել բնակության իրավունք չունեցող օտարերկրյա քաղաքացիներին: