Այս տարվա հուլիսին պատմաբաններից ու մտավորականներից բաղկացած 30 հոգանոց մի խումբ 10-օրյա շրջագայության է մեկնել Արևմտյան Հայաստան: Պատմաբան Էդիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ շրջագայության մանրամասները ներկայացրեց:
Խոսելով այդ տարածաշրջանում բնակվող հայերի մասին` պատմաբանը նշեց, որ համշենահայերն ավելի հարմարվող են և զգուշավոր էին իրենց հետ զրույցում:
«Իսկ Մուսալեռում` հատկապես Վակֆա գյուղում, բոլոր բնակիչները հայեր էին և շատ ազատ էին արտահայտում իրենց կարծիքը` կապված Ցեղասպանության ընդունման հետ: Այնտեղի բնակիչները ասել են, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ցեղասպանության հարցը միջազգայնորեն ճանաչվի», – նշել է Մինասյանը:
Պատմաբանը նաև ասել է, որ այս տարածքում գործում են նաև հայկական եկեղեցիներ, իսկ բնակիչները վարում են իսկական հայկական կենցաղ:
Էդիկ Մինասյանը, սակայն, ցավով նկատել է, որ օրինակ Մուշում քանդված էր Սուրբ Կարապետ եկեղեցին, որի մի մասը նույնիսկ վերածել են ախոռի, Մալաթիայի եկեղեցու վրայից հանված էր գմբեթը և փակել էր մուտքը:
«Վակֆայում, Կեսարիայում եկեղեցիներում պատարագ անցկացվում է հիմնականում տոն օրերին: Այստեղի եկեղեցիները վերանորոգված են և ավելի լավ են պահպանվում, քան մեր եկեղեցիները»,- ասել է պատմաբանը:
Վերջինս նաև տեղեկացրել է, որ իրենք Վակֆայում գործող հայկական դպրոց են տարել բազմաթիվ գրքեր:
Նշենք նաև, որ պատմաբանների այս խմբի մեջ է եղել նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: