Համաշխարհային շախմատային օլիմպիադայում հանգստյան օրը ճիշտ ժամանակին էր Հայաստանի շախմատի հավաքականի համար երկու դժվարին հանդիպումներից հետո: Վերլուծելով մեր թիմի խաղը Շախմատային օլիմպիադայի առաջին հատվածում՝ Epress.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել շախմատային վերլուծաբան Խաչիկ Արծրունին:
«Ռուսաստանի երկրորդ և երրորդ հավաքականների հետ հանդիպումը բարդ ստացվեց: Հարկ է նշել, որ Ռուսաստանի երկրորդ թիմը միջին վարկանիշով բարձր է մեր հավաքականից և համերաշխ ու լավ կազմակերպված ընտրանի է: Հետաքրքիր է նաև, որ այս երկու թիմերն էլ պարտվել են միմիայն Հայաստանի հավաքականին` մյուս բոլոր խաղերում հաղթանակներ տանելով», – ասել է Խաչիկ Արծրունին:
Նա կարևորել է այն փաստը, որ Հայաստանի հավաքականը միակն է 148 թիմերի շարքում, որի ոչ մի շախմատիստ անհատական պայքարում պարտություն չի կրել: Յուրաքանչյոր թիմում, անգամ առաջատարների կազմում գոնե մեկ գրոսմայստեր պարտություն կրել է:
Խոսելով խնդիրների մասին՝ վերլուծաբանն ասել է, որ Հայաստանի հավաքականի վիճակը բարդանում է նրանով, որ թիմում չկա համարժեք փոխարինում: Մեր պահեստայինը՝ Ավետիք Գրիգորյանը, միայն առաջին տուրում է հանդես եկել և, հնարավոր է, այլևս չխաղա, քանի որ նման մրցաշարերի փորձ դեռևս չունի:
«Դա նշանակում է, որ բավական ծանր կլինի մեր թիմի վետերան Վլադիմիր Հակոբյանի համար, ով պետք է փաստորեն առանց փոխարինման խաղա 11 տուրի ընթացքում», – նշել է վերլուծաբանը:
Որպես դրական կողմ Խաչիկ Արծրունին նշել է Արման Փաշիկյանի ներկայությունը թիմում, ով հուսալի խաղ է ցույց տալիս: Ռուսաստանի երկրորդ հավաքականի դեմ խաղում հենց Փաշիկյանը բերեց հաղթական միավորը մեր թիմին:
«Կրիտիկական պահին մեր թիմի մարզիչ Արշակ Պետրոսյանը կարող է հույսը դնել առաջին քառյակից յուրաքանչյուրի վրա», – ասել է Արծրունին՝ հավելելով, որ շատ բան է կախված Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի խաղից, ով վերջին երկու Օլիմպիադաների ընթացքում եղել է մեր հավաքականի գլխավոր ռմբարկուն:
Ինչ վերաբերում է Վրաստանի հավաքականի հետ այսօրվա մրցավեճին, ապա այստեղ Արծրունին մեր թիմի հնարավորությունները ավելի բարձր է գնահատել: Նա նշել է, որ, ի տարբերություն մեր թիմի, հանգստի օրը մրցակցի համար բավական վատ էր, որովհետև, փորձագետի խոսքով, մրցակիցը մեկ գիշեր սարսափով սպասելու փոխարեն երկու մղձավանջային գիշեր ստիպված եղավ անցկացնել՝ հանդիպմանը սպասելով:
«Վրաստանն ավանդաբար վատ է խաղում Հայաստանի հավաքականի դեմ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Վրաստանի հավաքականը մշտապես պարտվել է մեր թիմին, բացառությամբ մեկ հանդիպման, երբ գրանցվել է 2:2 հաշիվը», – նշել է Խաչիկ Արծրունին: