Home / Հայաստան / Աղթամարի եկեղեցու խաչը կտեղադրվի ապրիլի 24-ից առաջ. թուրքագետ

Աղթամարի եկեղեցու խաչը կտեղադրվի ապրիլի 24-ից առաջ. թուրքագետ

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վրա չտեղադրված խաչի թեման բուռն քննարկումների առարկա է դարձել: Այդ թեմային է այսօր անդրադարձել նաև թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Վերջինս նշել է, որ ստամբուլահայերը հիմնականում կողմ էին այս սցենարին, և խաչի բացակայության հարցում հայկական կողմի ընդվզումներն իրենց համար անհասկանալի են: Թուրքագետի խոսքով` նրանց պետք է հասկանալ, քանի որ, եթե նրանք սկսեն ընդվզել, կփակվեն հայկական դպրոցներ, եկեղեցիներ և կառաջանան այլ խնդիրներ:

Անդրադառնալով նաև հայկական կողմի մասնակցությանը Սուրբ Խաչի պատարագին` թուրքագետը ասել է.

«Մասնակցեին, թե չմասնակցեին, նրանք իրենց սցենարը արեցին: Հաղթեց թուրքական կողմը, որը սցենարն արեց, արդյունքները ստացավ: Մենք պարզապես չօգնեցինք իրենց», – նշել է Շաքարյանը:

Թուրքագետի կարծիքով` եկեղեցու խաչը հավանաբար կտեղադրվի ապրիլի 24-ից առաջ:

«Եթե սեպտեմբերի 19-ին տեղադրեին, հիմա անելու բան չէին ունենա»,- ասել է թուրքագետը:

Վերջինս տեղեկացրել է նաև, որ այժմ էլ ակտիվ կերպով ընթանում է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու բացման նախապատրաստական աշխատանքները և մեկ տարվա ընթացքում այն ևս կբացվի:

Շաքարյանի հավաստմամբ` թուրքերը հայկական  եկեղեցիները բացում են ոչ թե այնտեղ պատարագ անցկացնելու համար, այլև մշակութային միջոցառումներ անցկացնելու համար: