Ռուսաստանցի փորձագետ, Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի անդամ և ռուսական «Առաջին ալիքի» հաղորդավար Մաքսիմ Շևչենկոն, մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը, հայտարարել է, թե Վաշինգթոնում կամ Բրյուսելում նստած մարդիկ թքած ունեն թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների կյանքի, մահվան և արյան վրա, հաղորդում է 1news.az-ը:
«Ինձ ամեն դեպքում թվում է` Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար հարկավոր է հաշվի առնել ոչ միայն գլոբալ համաշխարհային խաղորդներին, որոնց համար տարածաշրջանը բնակեցնող թե՛ ժողովուրդները, թե՛ տարածաշրջանը ոչ այլ են, եթե ոչ խաղազինվոր շախմատի տախտակին: Հավատացեք, որ Վաշինգթոնում կամ Բրյուսելում նստած մարդիկ թքած ունեն հայերի և ադրբեջանցիների կյանքի, մահվան և արյան վրա: Ես տեսել եմ այն սխեմաները, որոնք նրանք գծում են: Դրանց վրա նավթագազատարեր են: Այդ սխեմաների վրա չկան զինվորներ, որոնք կնահատակվեն, չկան նրանց կանայքն ու մայրերը, քույրերը, ովքեր հետագայում արցունք կթափեն, եթե, Աստված մի՛ արասցե, մի բան պատահի»,- մեկնաբանել է Շևչենկոն:
Նրա խոսքերով` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ անմիջական շահագրգռվածություն ունեն տարածաշրջանային պետությունները` Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան:
«Իսկ ահա Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան, ընդհակառակը, ուղղակի շահագրգռվածություն ունեն այս տարածաշրջանում: Կան անձնական կամ վաղեմի, երբեմն բարդ, ինչ-որ տեղ ավելի պարզունակ կապեր տարածաշրջանի այս կամ այն պետության հետ: Մեկի մոտ` ավելի ուժեղ, մեկի մոտ` ավելի թույլ: Ես, օրինակ, կարծել և կարծում եմ, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև վերջին երկու տարիներին, խաղացել և խաղում են հսկայական դեր»,- մեկնաբանել է ռուսաստանցի փորձագետը:
Մաքսիմ Շևչենկոն նաև հավելել է, որ «չհաջողվեց ձեռք բերել ինչ-որ հստակ լուծում, սակայն դրան հնարավոր էլ չէր լինի հասնել, քանի որ Թուրքիան չի հրաժարվի Ադրբեջանի աջակցության դիրքորոշումից: Սակայն նույնիսկ այն ուղեգիծը, որը թուրք իշխանությունները որդեգրել են Հայաստանի հետ երկխոսությունում, աննախադեպ էր»:
«Եվս մեկ անգամ ընդգծեմ ռազմական լուծումը թույլ չտալու կարևորությունը, քանի որ ցանկացած ռազմական լուծում Ղարաբաղում, ինչ կարգի պատրանքներ էլ որ չունենային կողմերը, կմխրճի Կովկասը էթնիկ սարսափելի պատերազմների մշտակայուն հորձանուտի մեջ, որտեղից ելք չի գտնվի այն ձև, ինչպես դա հնարավոր էր 90-ականների սկզբերին, երբ դեռևս գործում էին նախկին Խորհրդային Միության ինչ-որ կառույցներ»,- ասել է փորձագետը:
Շևչենկոն խորհուրդ է տվել հաշվի առնել «Իրանի շուրջը տիրող վատթարացող իրավիճակը, որը ոչ միայն իր անմիջական քաղաքական շահագրգռվածությունն ունի այս տարածաշրջանում, այլև հարաբերություններ է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այդ թվում նաև ուժի մեջ են սահմանները, որն այսօր գտնվում է հայկական ռազմական միավորումների վերահսկողության տակ, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի կողմից: Իրանի շուրջը ստեղծված իրավիճակն այնքանով է վատթարացրել իրավիճակը տարածաշրջանում, որ Թեհրանի համատեղ խեղդումը, որն այսօր տեղի է ունենում, տանում է ուղղակիորեն պատերազմի»:
«Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին ես կցանկանայի նախազգուշացնել, որ նրանք կարող են տարածաշրջանում համաշխարհային ճգնաժամի, համաշխարհային պատերազմի հրահրման գործիք դառնալ»,- եզրափակել է Մաքսիմ Շևչենկոն: