հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Պատերազմի տնտեսություն և խաղաղության տնտեսություն. մշակութային զարգացման այլընտրանք

Պատերազմի տնտեսություն և խաղաղության տնտեսություն. մշակութային զարգացման այլընտրանք

Երեկ «Փոքր Խորհրդի» հերթական բովանդակային հանդիպման ժամանակ արվեստի քննադատ, Հայաստանի Արվեստի քննադատների միության նախագահ Նազարեթ Կարոյանը ներկայացրել է «Պատերազմի տնտեսություն և Խաղաղության տնտեսություն» թեմայով իր բանախոսությունը։

Իր խոսքի ներածականում, զուգահեռներ տանելով արդիության և հետարդիական ժամանակաշրջանի մշակութային տնտեսությունների միջև, Նազարեթ Կարոյանը նշել է, որ արդիության տնտեսության համեմատ, որը հակված էր դեպի նույնությունների արտադրությունը (յուրօրինակության, մոդելայինի վրա հիմնված սերիականություն, զանգվածայնություն),  գլոբալացող աշխարհի մշակութային տնտեսությանը բնորոշ է տարբերությունների և բազմազանության արտադրությունը, ապրանքների փոխարեն իմաստների և նշանների արտադրությունը։

Հետարդիության մշակութային այս տնտեսության մեջ բանախոսն առանձնացրել է տնտեսավարման երկու առանձին տիպ` դրանցից մեկին վերագրելով խաղաղության, մյուսին` պատերազմի հատկանիշներ։ Մշակութային տնտեսության այս երկու տիպերը, ըստ բանախոսի, միմյանցից առանձնանում են նրանով, թե տնտեսական ինչպիսի հարաբերություններ են ենթադրում, ինչպես են կառավարում արտադրությունը, վերահսկու՞մ են, թե ոչ իմաստի արտադրությունը, ի՞նչ քաղաքականություն են բանեցնում դրանք շրջանառության մեջ դնելիս և սպառման ինչպի՞սի ծավալներ ու շուկաներ են նախատեսում։

Դրանցից առաջինին՝ պատերազմի մշակութային տնտեսությանը, բնորոշ են մրցակցային հարաբերությունները, կենտրոնացված կառավարումը, իմաստի արտադրության վերահսկումը, արտադրանքի ապրանքայնացումը, ներկայացուցչական քաղաքականությունը ՝շրջանառության մեջ դնելիս և հասարակական լայն, զանգվածային սպառման ակնկալիքը։

Երկրորդը` Խաղաղության մշակույթի տնտեսությունը, աչքի է ընկնում նրանով, որ տարբերության իր արտադրանքը գործի է դնում ոչ շուկայական նպատակներով։ Այն ոչ թե ապրանք է, այլ առանձնահատուկ փորձ և գիտելիք։ Այդ տնտեսության կառավարումը կենտրոնացված չէ, իմաստի արտադրությունը չի վերահսկվում, իսկ շրջանառությունը իրագործվում է ոչ թե ներկայացուցչական քաղաքականության, այլ շփման և հաղորդակցության միջոցով։ Նրա սպառման միջավայրը ոչ թե միջինացված անդեմ հասարակությունն է, այլ սահմանափակ համայնքներն ու միջավայրերեը։

Մշակութային տնտեսության այս իրադրությունը պրոյեկտելով Հայաստանի վրա՝ Նազարեթ Կարոյանը կարծիք է հայտնել, որ, մշակութային տնտեսությունը վերակառուցելիս, այն պետք է ուղղորդել դեպի ոչ թե պատերազմի, այլ խաղաղության տնտեսությանը բնորոշ արտադրության կազմակերպման ու շրջանառության ձևերը։ Սա ոչ միայն թույլ կտար խուսափել մրցակցությունից ու մշակութային հարաբերությունները կառուցել համագործակցության հիմքերի վրա, այլև մասնակիցը դառնալ համաշխարհային մշակութային տնտեսության զարգացման մոդելների մշակմանը և օրակարգերի ձևավորմանը։