Մի քանի շաբաթ առաջ էկրան բարձրացած «Կեր, աղոթիր, սիրիր» ֆիլմը, որում գլխավոր դերում հանդես է գալիս դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը, Հնդկաստանում մտահոգությունների պատճառ է դարձել, գրում է ադրբեջանական «Ղայնարինֆո» կայքը:
Յոգայի հետևորդներն իրենց վրդովմունքն են հայտնել ֆիլմի ռեժիսորին: Հնդկաստանում Յոգայի ակադեմիայի հիմնադիր, ադրբեջանցի պրոֆեսոր Աքիֆ Մանաֆը հայտարարել է, որ յոգան մի համակարգ է, որը մեծ դեր և կարևորություն ունի գիտական և կենսական զարգացման, ինչպես նաև մարդու օրգանիզմի համար, և այն ոչ մի կապ չունի կրոնի հետ:
«Թեև ֆիլմը նկարահանված է Էլիզաբեթ Գիլբերտի ստեղծագործության հիման վրա և պատմում է Յոգայի մասին, այն բացարձակապես ոչ մի կապ չունի դրա հետ», ասել է Մանաֆը:
Նրա խոսքով` ֆիլմում ցուցադրված ծեսերն ու սովորույթները, հատկապես կիրտանի սովորույթը, վերաբերում են Հինդուիզմին և որևէ ընդհանրություն չունեն յոգայի հետ: Նշենք, որ կիրտանը կրոնական ավանդույթ է, որի ընթացքում տեղի է ունենում Աստծո անվան բարձրաձայնում և Աստծո փառաբանում ` երգերի միջոցով: