Երեկ մի շարք խոշոր ամերիկյան լրատվամիջոցներ անդրադարձել են ԱՄՆ-ում շաբաթվա խոշորագույն իրադարձությանը` հայ-ամերիկյան մաֆիոզ խմբավորման ձերբակալությանը:
Ներկայացնելով տեղի ունեցածը որպես Միացյալ Նահանգների պատմության մեջ արտառոց իրադարձություն` հոդվածագրերն անդրադառնում են բժշկական ապահովագրության ոլորտում առկա խնդիրներին և հանցավոր խմբավորումների ներգործությանը նման կառույցների վրա ազգային մակարդակով:
Հիշեցնենք, որ նախորդ չորեքշաբթի ԱՄՆ-ում ձերբակալվել էին հայ-ամերիկյան խոշոր մաֆիոզ խմբավորման անդամները` 44-ամյա Արմեն Ղազարյանի գլխավորությամբ: Խմբավորումն ԱՄՆ-ի ապահովագրական ոլորտում մեքենայություններ իրականացնող խոշորագույն ցանց էր ստեղծել, որը կեղծ փաստաթղթերի և գոյություն չունեցող հիվանդանոցների միջոցով գումար էր կորզում ապահովագրական Medicare հիմնադրամից: Endeavor Diagnostics ընկերությունը, որի միջոցով իրականացվում էին մեքենայությունները, գտնվում է Կալիֆորնիա նահանգի Սան Ֆերնանդոյում: Երբ ոստիկանները ներխուժել են ընկերության գրասենյակ, նրանք դատարկ սենյակում ընդամենը մեկ սեղան և մեկ ֆաքսի սարք են գտել:
Ամերիկյան ոստիկանության ներկայացուցիչները նշում են, որ նման կարգի հանցագործություն ԱՄՆ-ում երբեք չի կատարվել: Դաշնային հետախուզական ծառայությունն այժմ մի շարք վարկածների վրա է աշխատում, իսկ ձերբակալությունների շարքը շարունակվում է. այս գործով արդեն իսկ 52 մարդ է ձերբակալվել, որոնց հիմնական մասը հայեր են:
Մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ վերջին շաբաթվա ընթացքում հայերի մասին ԱՄՆ-ում սկսեցին խոսել ավելի հաճախ, քան դա եղել էր մինչ այդ այլ առիթներով:
Միացյալ Նահանգներում գտնվող հայկական կազմակերպություններն արդեն իսկ հորդորում են մարդկանց չկապել հացավոր խմբավորման գործունեությունն ԱՄՆ-ում բնակվող բոլոր հայերի անվան հետ:
Մասնավորապես, Հայ-ամերիկյան առևտրի պալատի Լոս Անջելեսի կենտրոնի ղեկավար Զավեն Կազազյանը հայտարարել է, որ հայազգի հանցագործներն «այլ մշակութային փորձ են ունեն»:
«Մեզ շատ դժվար է ընկալել տեղի ունեցածը, և պետք է ասեմ, որ մենք ոչ մի կապ չունենք նրանց հետ: Հանցագործները չեն ներկայացնում իսկական հայ ազգը: Նույնացնել մեզ նրանց հետ նույնը կլինի, ինչ ասել, որ բոլոր իտալացիները մաֆիայի մաս են կազմում: Դա միանգամայն հիմարություն կլիներ», – նշել է Կազազյանը: