«Մենք` հայերս, 19 տարվա ընթացքում չսովորեցինք մի բան` պատմական Արցախի անվանումը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վրդովված ասել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը` խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին:
«Հայերի 90 տոկոսը շարունակում են իրենց մտածողությամբ մնալ թուրք, մոնղոլ, թաթար և Արցախին ասում են Ղարաբաղ: Որն է հայի և ադրբեջանցու տարբերությունը, գենետիկորեն մենք այնքան ենք ներծծվել ադրբեջանցիների մեջ, որ գենետիկորեն երևի այնքան մեծ տարբերություն չունենք, բայց տարբերվում ենք մեր լեզուներով: Եթե լեզուներով տարբերվում ենք, բայց դառնում ենք նրանց կամակատարը և նրանց լեզուն ենք օգտագործում, այդ դեպքում ակնհայտ է, որ այս ճակատում, նրանք մեծ հաղթանակ են տարել»,- ասել է ԱԻՄ նախագահը:
Անդրադառնալով «օկուպացիա» բառին` Հայրիկյանը նշել է, որ թարգմանաբար դա նշանակում է զբաղեցնել և որ ինքը այդ բառի նկատմամբ հատուկ մտահոգություն չի արտահայտում: Հայրիկյանը կարծիք է հայտնել, որ քանի դեռ այդ տարածքները չեն պատկանում Հայաստանին կամ Արցախին, պիտի համարվեն զբաղեցված տարածքներ:
«Մանավանդ, որ Հայաստանի բարձր պաշտոնյաներից մեկը ժամանակին թույլ տվեց ասել, որ մենք այդ տարածքները այսօր չենք բնակեցնում, որը, իմ կարծիքով, մեծ սխալ էր, մեծ բացթողում: Այդ տարածքները մենք բնակեցնում ենք Ադրբեջանից փախած մարդկանցով»,- ասաց Հայրիկյանը:
Բանախոսը նաև խոսել է Ղարաբաղի հարցի շուրջ առկա Հայաստանի թերացումների մասին:
Հայրիկյանի խոսքով` թերացումներից է այն, որ ռազմավարական տեսանկյունից մենք որևէ հետևողական ու նպատակասլած գործողություն չենք ձեռնարկում և նախաձեռնողական ոչինչ չկա:
«Բոլորի համար ակնհայտ էր, որ Հայաստանի իշխանությունները ունեին դրական տեղաշարժերի սպասումներ, սակայն կողքից շատ ակնհայտ էր, որ այդ սպասումների համար լուրջ հիմքեր չկային»,- ասել է Հայրիկյանը և հավելել, որ Հայաստանը, ըստ էության, տեղում դոփում է: