Facebook հասարական ցանցում հայկական դպրոցներին վերաբերող YouTube-ից նոր տեսահոլովակ է տեղադրվել, որտեղ պատկերված է, թե ինչպես է կին ուսուցչուհին ծեծի ենթարկում երեխաներին:
Տեսանյութը` http://www.epress.am/FVideo.aspx?vdid=66
Սոցիալական ցանցերում և բլոգերում շրջանառվող տեղեկությունների համաձայն` կադրերը նկարահանվել են 129 դպրոցում, իսկ ուսուցչուհու անունը Լենա Աբգարյան է:
Epress.am-ի հետ զրույցում 129 դպրոցի տնօրեն Թամարա Պետրոսյանը նշեց, որ այդ կադրերն իրենց դպրոցի հետ ոչ մի կապ չունեն: Ըստ Պետրոսյանի` կադրերում պատկերված է հին դասարան, այնինչ 129 դպրոցը 3 տարի առաջ հիմնովին վերանորոգվել է: Լենա Աբգարյան անունով ուսուցիչ 129 դպրոցում աշխատել է, սակայն, ինչպես ասաց Պետրոսյանը, «անձնական դժբախտության պատճառով» դուրս է եկել աշխատանքից այս տարի:
Տնօրենը նաև նշեց, որ իր պրակտիկայում նման դրսևորումների հետ չի հանդիպել:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ համացանցում նման տեսահոլովակ էր տարածվել, որում պատկերված էր Երևանի թիվ 8 Պուշկինի դպրոցի պատմության ուսուցիչ Էդուարդ Գևորգիզովը, ով տեսահոլովակի տարածումից հետո ազատվեց աշխատանքից: