Home / Հայաստան / Արմեն Հարությունյանը նամակ է հղել Ադրբեջանի օմբուդսմենին

Արմեն Հարությունյանը նամակ է հղել Ադրբեջանի օմբուդսմենին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմել է Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովային խնդրելով տեղեկություններ տրամադրել 1988 թվականին Երևան տեղափոխված Ծատուրյանների ընտանիքի` Բաքվում թողած սեփականության վերաբերյալ:

«Անդրեյ Ծատուրյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով նշել է, որ 1988 թվականին ընտանիքով լքել է Ադրբեջանի Բաքու քաղաքը` թողնելով այնտեղ երեքսենյականոց բնակարանը և տան ամբողջ գույքը: Գույքը ապահովագրված է եղել 10 հազար ռուբլի ապահովագրական գումարով: Դիմումին կից ներկայացնելով բնակարանի օրդերը, բնակարանի ապահովագրության վերաբերյալ վկայականը և 1988 թվականի դեկտեմբերի 12-ին հաշվառման կենտրոնական բյուրոյի կողմից տրված փախստականի տեղեկանքը` խնդրել է Պաշտպանի միջամտությունը բնակարանի վերադարձման կամ համապատասխան փոխհատուցում ստանալու հարցում», – ասված է Արմեն Հարությունյանի նամակում:

«Ձեզ եմ ուղարկում քաղաքացի Անդրեյ Ծատուրյանի կողմից դիմումին կցված փաստաթղթերի պատճենները, խնդրում եմ հայտնել, թե օրդերում նշված բնակարանը ում անվամբ է գրանցված տվյալ պահին: Եթե այն դարձել է ուրիշի սեփականությունը, ապա որ թվականից և ինչ իրավական հիմնավորմամբ», – նամակի տեքստն է փոխանցում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: