Հարավային Կովկասում ուժերի այսօրվա բաշխման պայմաններում Ռուսաստանի համար Հայաստանը հարմար երկիր է` «մտրակի և բլիթի» քաղաքականություն վարելու համար, գրում է վրացական «Կովկասի օրագիր» պարբերականը:
Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման համաձայնագիրն ու նոր ատոմային էլեկտրակայանի կառուցումը Կրեմլի բլիթի քաղաքականությունն է, իսկ մտրակ կարող է դառնալ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին С-300 վաճառելու փաստը:
Պետք է հաշվի առնել նաև Ռուսաստանի և Թուրքիայի ընդհանուր քաղաքական և տնտեսական շահերը, որոնք կարող են ստիպել Հայաստանին այնպիսի քայլի գնալ, որը կործանիչ կարող է դառնալ նրա համար:
Հենվելով Հայաստանի վրա` Ռուսաստանը կարողանում էր կառավարել տարածաշրջանը: Միաժամանակ, Կրեմլը չի բացառում Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բախման հավանականությունը, ինչը, Մոսկվայի հաշվարկներով, կմեծացնի Ռուսաստանի հեգեմոնիան Հարավային Կովկասում:
Պարբերականը գրում է նաև, որ Ադրբեջանին С-300-ի վաճառելով` Ռուսաստանն իր վրայից հանում է տարածաշրջանում անվտանգության ու ղարաբաղյան նոր պատերազմի հավանական հետևանքների պատասխանատվությունը: Իսկ այս ամենից հետո տեղի կունենա «խաղարարար ուժերի» մուտքը Ռուսաստանի հովանու ներքո, որն էլ հնարավորություն կտա ռազմավարական վերահսկողություն սահմանել Հայաստանում և Ադրբեջանում: