Home / Армения / 20-ամյա կնոջ մահից հետո Հայաստանում առաջարկում են ընտանեկան բռնության մասին օրենք ընդունել

20-ամյա կնոջ մահից հետո Հայաստանում առաջարկում են ընտանեկան բռնության մասին օրենք ընդունել

2010 թ. հոկտեմբերի 1-ին Մասիս քաղաքում բազմաթիվ խոշտանգումների ու ծեծի հետևանքով մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի դեպքի կապակցությամբ ստորագրահավաք է սկսվել:

Հիշեցնենք, որ Զարուհու ամուսինն ու սկեսուրը աղջկան ծեծի ենթարկելիս կոտրել են նրա մատները, որպեսզի նա չահազանգի համապատասխան մարմիններ, այնուհետև գլորել են նրան աստիճաններից` իրենց սոսկալի արարքները քողարկելու նպատակով:

Այժմ Զարուհի Պետրոսյանի ամուսինը` Յանիս Սարկիսովը, ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով` առանձին դաժանությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:

«Հասարակություն առանց բռնության» և «Կանանց իրավունքների կենտրոնի» տարածած հայտարարության մեջ ասված է.

«Մեր լռությունը հաստատում է նման դեպքերի բնականոն լինելը հայ հասարակությունում և  թույլ է տալիս, որ դրանք կրկնվեն: Ուստի, այժմ ավելի քան երբևէ, անհրաժեշտ է բարձրացնել բոլոր հասարակական, միջազգային կազմակերպությունների և կառույցների, մամուլի և հասարակության զգոնությունն ու պատրաստակամությունը` ապահովելու այս դեպքի հետաքննության և դատավարության հրապարակայնությունը: Նման չարագործները պետք է գտնեն իրենց արժանի պատիժը և դատապարտվեն օրենքի ողջ խստությամբ, քանզի անպատժելիությունը առիթ կհանդիսանա մյուսների համար»:

Դեպքի կապակցությամբ ստեղծվել է հասարակական կազմակերպությունների նախաձեռնող խումբ, որը հասարակական հնչեղություն կտա այս դեպքին, հետամուտ կլինի քրեական գործի ընթացքին և արդարացի դատավճռի ընդունմանը:

«Կոչ ենք անում  բոլոր ցանկացողներին միանալ նախաձեռնող խմբին, քանզի միայն միացյալ ուժերով մենք կարող ենք հասնել մեր նպատակին: Ձեր արձագանքները և առաջարկությունները կարող եք ուղարկել նախաձեռնող խմբին  մինչև հոկտեմբերի 27-ը հետևյալ էլեկտրոնային հասցեներով.

[email protected]
[email protected]», – ասված է հայտարարության մեջ:

Դեպքի կապակցությամբ կազմակերպվել է «Հայաստանը պետք է ընդունի Ընտանեկան Բռնության մասին օրենքը» ստորագրահավաք.
http://www.thepetitionsite.com/1/armenia-must-pass-domestic-abuse-law/