Հայաստանի առաջ ծառացած ամենահրատապ խնդիրներից կամ մարտահրավերներից մեկը բնապահպանական ոլորտի, մեղմ ասած, անմխիթար վիճակն է, գրում է պարբերականը:
ՀՀ-ում այս ոլորտն այնպիսի վիճակում է, որ այդ ոլորտի պատասխանատուները կամ պետք է ամաչեն հասարակության առջև որևէ առիթով երևալ, կամ գոնե ձևացնեն, թե այնքան մտահոգ են այդ հիմնախնդիրներով, որ ժամ առաջ երազում են հրաժեշտ տալ իրենց պաշտոններին: Սակայն միանգամայն այլ դեպք ու երևույթ է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, որն իր պաշտոնավարման տարիների ընթացքում ապացուցել է, որ իսկապես արժանի է իր «բուլկի» մականվանը: Վերջինս երեկ ասուլիս է հրավիրել ու ցինիզմի հասնող հրճվանքով լրագրողներին տեղեկացրել, որ կարողացել է «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ» միջազգային բնապահպանական կազմակերպությունից 10 միլիոն դրամ դրամաշնորհ «կպցնել»:
Իր հրճվանքը չի կարողացել թաքցնել նաև երեկվա ասուլիսին մասնակցող այդ կազմակերպության ղեկավար տիկին Մոնիկ Բարբութը, որը գովասանքի շռայլ խոսքեր է հղել ՀՀ Կառավարության ու նույնիսկ Ա. Հարությունյանի հասցեին: Ընդ որում, սույն տիկինը նույնքան անթաքույց գոհունակությամբ պատմել է, թե ինչպես են իրեն հյուրասիրել Սևանում, «Խոսրովի արգելոցում» և այլուր: Այսինքն` ամենայն հավանականությամբ, գործել է դասական, «հայկական» սխեման: Օտարերկրացի տիկնոջը հյուրասիրել են` ինչպես հարկն է, և երևի կարմրախայտի սեղանի շուրջ պայմանավորվել, թե որքան գումար է նա ստանալու ոչ իր սեփական փողերը Արամ Հարությունյանի` գրեթե անվերահսկելի տնօրինմանը հանձնելու համար: Եթե չենք սխալվում, նաև ՀՀ վարչապետի բնորոշմամբ, սա կոչվում է «ատկատ», ինչի դեմ պայքարի մասին անցած տարի խոսում էր նա: