Երևանի քաղաքապետի հայտարարած «Կանաչ Երևան» ծրագրին արձագանքում են նաև սփյուռքահայերը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի կայքը:
«Հաղթանակ» զբոսայգու Հերոսների ծառուղում 40 արծաթափայլ եղևնի է տնկվել: Մշտադալարների բարձրորակ այս տնկիները կիպրոսահայ բարերարներ Գևորգ և Վրադ Մահտեսյանների նվերն է զբոսայգուն: Լավ խնամքի դեպքում եղևնիները տարեկան կբարձրանան 30-40 սանտիմետրով:
Երևան քաղաքի գլխավոր ծառագետ Սուրեն Մաքսապետյանը նշել է, որ եղևնիների աճի համար անհրաժեշտ մաքուր օդն ու ոռոգման ցանցը զբոսայգում առկա են:
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի խոսքով` առաջիկա 2 տարիների ընթացքում վերականգնվելու է «Հաղթանակ» զբոսայգու ամբողջ կանաչ զանգվածը: Մինչ այս տարի նորոգել են եղած ոռոգման ցանցը, իսկ տնկվելիք բուսատեսակների ու ծառերի լավագույն խնամքի համար հաջորդ տարի ծրագրված է կառուցել ոռոգման նոր ցանց: