Գլխավոր / Армения / Խոշոր տնտեսվարող սուբյեկտներին կխանգարեն չարաշահել իրենց դիրքը շուկայում

Խոշոր տնտեսվարող սուբյեկտներին կխանգարեն չարաշահել իրենց դիրքը շուկայում

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր ներկայացրել է մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված ռազմավարական եռամյա ծրագիրը, քանի որ, ինչպես փաստաթղթի շնորհանդեսի ժամանակ նշեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, «Մեր երկրում կա մրցակցային միջավայրը բարելավելու անհրաժեշտություն, ինչը պետք անել ոչ թե կարճաժամկետ ծրագրերի, այլ  հիմնավոր, համակարգային փոփոխություններ իրականացնելու միջոցով»:

Ծրագիրը նախանշում է այն հիմնական թիրախային նպատակները, որոնց պետք է հանգեցնի եռամյա ռազմավարության իրականացումը: Այդ նպատակներին հասնելու համար նախանշվել են հինգ հիմնական ուղղություններ. օրենսդրական բարեփոխումների իրականացում, ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացում, Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների բարձրացում, միջազգային համագործակցության ընդլայնում, քարոզչության եւ իրազեկվածության բարձրացում:

Առաջարկվող փոփոխություններն ուղղված են պատասխանատվության միջոցների խստացմանը, հանձնաժողովի վերահսկողական լիազորությունների, մասնավորապես` ստուգումների իրավասության, ինպես նաև գործառույթների ընդլայնմանը, Հանձնաժողովի գործունեության օպերատիվության բարձրացմանը, ապացուցողական բազայի ամրապնդմանը:

Օրինագծում վերացվել են նաև գործող օրենսդրության մեջ առկա անհստակություններն ու տարընթերցումները, որոնցից օգտվելով, ինչպես նշեց Արտակ Շաբոյանը, տնտեսվարող սուբյեկտները բողոքարկում են հանձնաժողովի որոշումները դատարանում և դատարաններն էլ հաճախ ստիպված են լինում որոշում կայացնել հօգուտ տնտեսվարողի:

Փոփոխությունների նպատակն է նաև վերացնել այն սողանցքներն ու բացերը, որոնցից օգտվելով հատկապես խոշոր տնտեսվարող սուբյեկտները չարաշահում են շուկայում իրենց գերիշխող դիրքը և խուսափում պատասխանատվությունից:
Ներկայացված առաջարկների ընդունման դեպքում Հանձնաժողովը հնարավորություն կունենա նաև ձեռք բերել մրցակցության օրենսդրության խախտման լրացուցիչ ապացույցներ, հիմնավորումներ և իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ:

Ռազմավարությունը նախանշում է նաև այն միջոցառումները, որոնց շնորհիվ Հանձնաժողովն առաջիկա 3 տարիների ընթացքում հնարավորություն կստանա կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու: Կբարելավվեն կառույցի ֆինանսական միջոցներն ու տեխնիկական ռեսուրսները:

Նախատեսվում է ստեղծել նաև տեղեկատվական հզոր բազա, որտեղ ներառված կլինի շուկայում գործող բոլոր տնտեսվարող սուբյեկտների մասին անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը:

Tekali Taxi