Հայտնի ամենահին կոշիկից հետո Արենիում հայտնաբերվել է աշխարհի ամենահին հագուստը` կնոջ կիսաշրջազգեստը: Այն ծղոտից է և, հայ մասնագետների կարծիքով, պատրաստված է մոտավորապես մ.թ.ա 4-րդ հազարամյակի կեսերին:
Վերջնական պատասխանը կտա Օքսֆորդի համալսարանը, երբ ավարտի թվագրման աշխատանքները: Բայց հայ մասնագետներն այսօր արդեն կարող են ասել, որ ծղոտից կիսածրջազգեստը, գոտին ու հայտնաբերված հագուստի մյուս տեսակները պատրաստված են ապշեցուցիչ համադրությամբ, դրանց վրայի զարդերն էլ ժամանակակից զարդերին ոչնչով չեն զիջում:
ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի խոսոքով` այս հագուստները մեզ հնարավորություն կտան պատկերացում կազմելու այդ ժամանակահատվածի արհեստների և մարդկանց հագուկապի մասին:
Արենիում պեղումներն ընթանում են արդեն 4-րդ տարին: Սովորաբար հնավայրի պեղումները տևում են 1-2 ամիս, ասում է Արենիի արշավախմբի հայկական կողմի ղեկավար Բորիս Գասպարյանը, բայց սա այլ դեպք է:
Ամեն անգամ նոր իր հայտնաբերելիս` արշավախումբը կրկին համոզվում է, որ գործ ունի բացառիկ նշանակության ու արժեքի հնավայրի հետ: Հայ մասնագետների հետ միասին այստեղ աշխատում են նաև Իռլանդիայի հնագետները: Այն ամենն, ինչ գտել ենարշավախմբի անդամենրը, հնարավորություն է տալու լույս սփռել Առաջավոր Ասիայի պղնձի ու քարի ժամանակահատվածի վրա, ինչը, իր հերթին, բացահայտելու է այդ ժամանակահատվածի քաղաքակրթության ձևավորաման մեխանիզմները:
«Հայտնաբերված մարդկային մնացորդները մեզ` հայերիս, հնարավորություն են տալու բացահայտել այն, ինչը մինչև այժմ ուսումնասիրվել է աշխարհում ընդամենը մեկ անգամ: Խոսքը մարդկային մնացորդների գենետիկ կոդն ամբողջապես բացելու մասին է: Սա աշխարհում միայն մեկ անգամ է արվել` Իռլանդիայի համար: Խնդիրն այն է, որ այն շատ թանկ արժե` 60.000 եվրո, բայց այդ ժամանակահատվածին պատկանող ու այդքան լավ պահպանված մարդկային մնացորդներ դեռ չեն հայտնաբերվել, այնպես, որ սա պատմության կողմից մեզ տրված եզղակի հնարավորություն է», – ասել է Բորիս Գասպարյանը: