Այսօր ոչինչ չի վկայում Ղարաբաղի հարցում Երևանի և Բաքվի դիրքորոշումների մերձեցման մասին, հայտարարել է փորձագետ Արկադի Դուբնովը` մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի` այս րոպեներին Աստրախանում անցկացվող հանդիպումը:
Մեդվեդևի ձգտումը կրկին բանակցային սեղանի շուրջ նստեցնել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին, Դուբնովի կարծիքով, վկայում է Մոսկվայի ցանկության մասին հերթական անգամ ապացուցել իր գերիշխող դերը բանակցային գործընթացում:
«Այնուամենայնիվ, որևէ առաջընթաց այս հարցում չի նշմարվում: Կարծում եմ` այս անգամ էլ Աստրախանում քննարկվելու է Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի, ինչպես նաև Աստանայում կայանալիք գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման հարցը», – ասել է փորձագետը:
Նրա խոսքով` այսօր ղարաբաղի հարցում առաջընթացի համար ամենահարմար պահը չէ:
«Նախ` Հայաստանի ղեկավարությունն այս պահին որոշակի ներքաղաքական դժվարությունների առաջ է կանգնած: Երկրորդը` ավելի ու ավելի հաճախ հայկական կողմը ռազմատենչ հայտարարություններով է պատասխանում Ադրբեջանի հայտարարություններին», – ասել է Դուբնովը:
«Հայտնի է, որ բոլորովին վերջերս Իլհամ Ալիևը սկսեց խոսել այն մասին, թե այսօրվա Հայաստանը գտնվում է ադրբեջանական հողի վրա: Ի պատասխան այդ հայտարարության` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բավական կտրուկ արտահայտվեց` վկայակոչելով պատմական փաստեր: Դրանից հետո ադրբեջանական կողմը դադարեց նման հայտարարություններ անել, սակայն նստվածքը, ինչպես ասում են, մնաց: Չգիտեմ` ինչպես այդ ֆոնը կարող է չխանգարել կողմերին բարենպաստ հոգեբանական պլատֆորմ ստեղծել բանակցությունների վերսկսման համար», – Դուբնովի խոսքերն է մեջբերում «Ազատություն» ռադիոկայանը: