Կիրակի առավոտյան Ստամբուլի կենտրոնում գտնվող Տաքսիմ հրապարակում ահաբեկչական գործողության արդյունքում տուժածների թիվը հասել է 32-ի:
Վնասվածքներ ստացած մարդկանցից 15-ը ոստիկաններ էին, 17-ը` քաղաքացիներ: Ոստիկանությանը հայտնի է դարձել, որ ահաբեկիչը տղամարդ էր: Այս մասին հաղորդել է Ստամբուլի քաղաքապետ Հուսեյն Ավնի Մութլուն:
Ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայն, իր հերթին, հաստատել է, որ հարձակումը ահաբեկչական գործողություն էր:
«Մենք չպետք է վաղաժամ ենթադրություններ անենք, թե ով է իրականացրել ահաբեկչական գործողությունը: Առայժմ ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել»,- ասել է նա:
Սակայն մի շարք թուրք պաշտոնյաներ արդեն հայտարարել են, որ ահաբեկչական գործողության հետ կարող են կապ ունենալ Քրդական բանվորական կուսակցության զինյալները (PKK):
«Այս ահաբեկչությունը PKK-ի ձեռագրին է նման: Ահաբեկիչները օգտագործում են նաև Ալ-Ղաիդայի տեխնոլոգիաները»,- Reuters գործակալությանը հայտնել է ոստիկանության ավագ սպաներից մեկը: