Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ` Ձորաղբյուր համայնքի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը մասնակցելու նպատակով։
Ձորաղբյուր գյուղն ընդհանրապես մանկապարտեզ չի ունեցել։ 2008 թվականից սկսվել է մանկապարտեզի շենքի կառուցումը, որը նախատեսված է 60 երեխայի համար։ Հետագայում այն կկարողանա սպասարկել 70-80 երեխայի։ Նախադպրոցական կրթօջախն ապահովված է ժամանակակից բոլոր հնարավորություններով։
Համայնքի միջոցներից մանկապարտեզի կառուցման համար ծախսվել է 113 մլն դրամ, իսկ որպես պետական սուբվենցիա կառավարության կողմից հատկացվել է 20 մլն դրամ։ Գործադիրի ղեկավարը շրջել է նորակառույց շենքում, ծանոթացել պայմաններին։
Այնուհետև վարչապետ Տիգրան Սարգսյանը եղել է Գառնիում, որտեղ տեղի է ունեցել համայնքի համար կենսական նշանակություն ունեցող «Յոթնաղբյուր-Գառնի» ինքնահոս ջրատարի բացումը, որի կառուցումը սկսվել էր 2008 թվականից։