Երևանի քաղաքապետարանից Ազատության հրապարակում առևտուր իրականացնող քաղաքացիներին խնդրել են ևս մեկ շաբաթ այնտեղ աշխատել, մինչև տեսնեն ինչ է լինում, գրում է օրաթերթը:
Այդ մասին երեկ մեր թղթակցին հայտնել են առևտրականները: Թե կոնկրետ ով է խնդրել, նրանք դժվարացել են ասել: Քաղաքապետարանը Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքներն արգելելու պատրվակ ստեղծելու համար վերջին ամիսներին զանազան միջոցառումներ է հորինում, որոնց շարքում է «Վերնիսաժում» առևտուր իրականացնող որոշ քաղաքացիների տեղափոխումը Օպերայի տարածք: Վերջերս առևտրականները մեր թղթակցին պատմել էին, թե իրենց ասել են, որ մինչև նոյեմբերի 10-ն են այնտեղ աշխատելու, քանի որ դրանից հետո Ազատության հրապարակում սկսվելու են «Ոսկե աշուն» միջոցառման փորձերը: Քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Թումանյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ փորձերի ժամանակացույցը դեռ հայտնի չէ: