Այսօր Թեքեյան կենտրոնում անցկացվելու է «Հակափառատոն. հայատյացությունը թուրքական և ադրբեջանական կինոյում» անվանմամբ միջոցառում: Այս մասին վկայում է Facebook սոցիալական ցանցում տեղադրված հայտարարաությունը: Ֆեյսբուքյան տվյալ էջի ստեղծողներն են` Հրաչյա Բարխուդարյան և Գևորգ Հեթանոս Ղազարյան օգտատերերը, որոնց տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ի պատասխան Գեորգի Վանյանի «ադրբեջանական ֆիլմերի փառատոն»-ի, կազմակերպում ենք կինոդիտում: Դիտումների նպատակն է` հայկական հանդիսատեսին ի ցույց դնել ադրբեջանական և թուրքական կինոյում հայատյացության թեմայի շահագործման, այդ երկրներում կինոն որպես հակահայկական քարոզչության գործիք օգտագործման օրինակներին։ Դրա շնորհիվ «ադրբեջանական ֆիլմերի փառատոն» -ի կազմակերպիչներին ու բոլոր կողմնակիցներին կապացուցվի, թե որքան սխալ ժամանակ է ընտրված փառատոնի անցկացումը, որը ամենից զատ միակողմանի բնույթ է կրում: Այս ֆիլմերն ինքնին արդարացնում են այն բոլոր հակաարտահայտությունները, որոնք տեղ գտան այս վերջին մի քանի շաբաթների ընթացքում»:
Նշենք, որ նույն էջի մեկնաբանությունների բաժնում Վան Սեդրակյան անունով օգտատերը տեղեկացրել է, որ այսօր Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի դեմ ակցիա է կազմակեպվում, և ակցիայի մասնակիցները փորձելու են ամեն կերպ խանգարել փառատոնի անցկացման:
Epress.am-ը փորձել է Թեքեյան կենտրոնից ճշտել, թե արդյոք իրենց մոտ անցնելու է վերոնշյալ փառատոնը: Կենտրոնից մեզ տեղեկացրել են, որ իրենք տեղյակ չեն այդ մասին, և խորհուրդ տվեցին զանգահարել ժամը 2-ից հետո մամուլի պատասխանատուից ճշտելու համար: