Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրած վերջին հանրահավաքը ընդդիմության աշնանային հանրահավաքային արշավի ամենամեծ հանրահավաքն էր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը խոսել է վերջին հանրահավաքի մարդաշատության և արդյունավետության մասին:
«Պատճառները երեքն էին` օր օրի ծանրացող սոցիալ-տնտեսական վիճակը, վերջին շրջանում ռեժիմի կրիմինալ բացահայտումները, ինչպես նաև Կոնգրեսը հանրահավաքի իրազեկման նոր մեթոդներ է կիրառել, թե մայրաքաղաքի, թե մարզային կառույցների շտաբերի միջոցով: Ի դեպ, իրազեկման նշան է նաև այն, երբ մարզերից Երևան եկող տրանսպորտը չի աշխատում, մարդիկ իմանում են, որ ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում»,- ասել է Զուրաբյանը: