Աննախադեպ երևույթ է, երբ խորհրադարանական ընտրություններին մոտ 1,5 տարի կա, իսկ իշխանական կուսակցություններն արդեն բացահայտորեն սկսել են նախընտրական քարոզարշավը: Այսօր, խոսելով 2011 թվականին կայանալիք ընտրությունների մասին, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նկատել է, որ նման բան Հայաստանում դեռ չէր եղել:
«Այս նեռվայնությունը, շտապողականությունը վկայում են այն մասին, որ այս ռեժիմը խուճապի է մատնված: Նրանք տեսնում են, որ երկրում կա ժողովրդի վստահությունը վայելող ակտիվ միացյալ ընդդիմություն»,- ասել է ՀԱԿ համակարգողը:
Լրագրողի այն հարցին, թե մասնակցելո՞ւ է Հայ Ազգային Կոնգրեսն առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Լևոն Զուրաբյանը պատասխանել է, որ ՀԱԿ-ն իր վարած քաղաքականությամբ նախադրյալներ է ստեղծում արտահերթ նախագահական ընտրությունների համար:
«Մենք ոչ թե պահանջում ենք, այլ ստեղծում ենք նախադրյալներ դրա համար»,- ասել է Զուրաբյանը:
Նա խորհրադարանական ընտրությունները համարել է վատագույն սցենարը, որի ուղղությամբ ՀԱԿ-ը չի էլ մտածում:
Այդ «ամենաանհավանական սցենարի դեպքում», Լևոն Զուրաբյանը չի բացառում ՀԱԿ-ի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին:
«Լենինն ասում էր, որ պառլամենտն այն ամբիոնն է, որը պետք է օգտագործել` վերջնական հաղթանակին հասնելու համար: Դուք պատկերացնում եք, եթե կեղծիքներ չլինեին, և Նիկոլ Փաշինյանը լիներ խորհրդարանում»,- հավելել է ՀԱԿ համակարգողը: