Home / Армения / Հայ Ազգային Կոնգրեսը շարունակում է պայքարն Ազատության հրապարակի համար

Հայ Ազգային Կոնգրեսը շարունակում է պայքարն Ազատության հրապարակի համար

Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը Երևանի քաղաքապետարանի կողմից Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաք անցկացնելու հայտերի մերժումները համարում է բացարձակ ապօրինի որոշումներ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լևոն Զուրաբյանը ասել է, որ այս անգամ էլ իրենք են ուզում քաղաքապետարանին ողորմելի վիճակի մեջ դնել, և ցույց տալ, թե որքան ողորմելի են նրանց քայլերը:

«10 օրվա ընթացքում, համաձայն օրենքի, նրանք պետք է պատասխանեն, թե որ օրը մենք կարող ենք հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Թող ասեն, որ մենք էլ մեր անելիքն իմանանք: Թող ասեն` այլևս արգելվա՞ծ է հանրահավաք անցկացնել այնտեղ»,- ասել է բանախոսը:

Նա հավելել է, որ անկախ քաղաքապետարանի որոշումից` Հայ Ազգային Կոնգրեսը վերանվաճելու է Ազատության օրրան Ազատության հրապարակը:

Այդ առիթով Հայ Ազգային Կոնգրեսը նաև հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում  է.

«Հայ Ազգային Կոնգրեսը դիմում է ներկայացնելու քաղաքապետարան, որում նշվում է, որ Ազատության հրապարակի վերաբացումից հետո 30-ից ավել իրազեկում է եղել քաղաքապետարան` հանրահավաքների և ցույցերի ավանդական դարձած վայրում ՀԱԿ-ի հանրահավաք անցկացնելու համար: Քաղաքապետարանը բոլոր դեպքերում արգելման որոշում է կայացրել ` օրենքին հակասող, այդ թվում նաև ծիծաղելի հիմնավորումներով:

Համաձայն սույն խնդիրը կարգավորող «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի` Ազատության հրապարակը չի ընդգրկված այն օբյեկտների շարքում, որտեղ արգելվում են զանգվածային հրապարակային միջոցառումներ (հոդված 9): Նույն օրենքի պահանջների համաձայն, քաղաքապետարանը նման հայտ ստանալիս «պարտավոր է կազմակերպչին առաջարկել զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման այլ օրեր և այլ ժամեր» իրազեկման մեջ նշված վայրում (հոդված 13.4), ինչը, ոտնահարելով օրենքի պահանջը, երբևէ չի արել:

Ըստ այդմ ` առաջարկում ենք տեղյակ պահել, թե առաջիկայում ո՞ր օրերն են, որ Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու համար խնդիր չեն հարուցում»: