Դատախազության դիմաց ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի կազմակերպված բողոքի ակցիան, որի սկզբում ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև բախման դեպք գրանցվեց, ավարտվեց առանց միջադեպերի:
«Մենք խոստացել ենք, որ որևէ մեկի քեֆին կպնելու դեպքում ամբողջ հնարավոր միջոցներն օգտագործելու ենք և թույլ չենք տա` մեր քաղբանտարկյալներին նեղացնեն: Բացի քաղբանտարկյալներին ազատելու խնդրից, հիմա նաև նոր խնդիր է առաջացել` անվտանգության խնդիրը` մարդկանց կյանքին սպառնացող, առողջությանը սպառնացող, և մենք օգտագործելու ենք մեր բոլոր ռեսուրսները»,- ակցիայի ավարտից հետո Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով` ընդդիմությունը նմանատիպ միջոցառումների շարքն ավելի մեծ թափով է շարունակելու, եթե չկարզմակերպվի անկախ փորձաքննություն` Կարմիր Խաչի կամ միջազգային կառույցների մասնակցությամբ:
«Փոխանակ իրենց էներգիան ուղղեն աղմկահարույց, միջազգային մասշտաբի հանցագործությունների կանխմանը կամ բացահայտմանը, շրջվել են սեփական քաղաքացիներին, ծեծով ու տեռորով են զբաղված»,- ասել է Արամ Մանուկյանը: