Home / Армения / Սերժ Սարգսյանը հանձնարարել է զբաղվել «Նաիրիտում» աշխատավարձերի հարցով

Սերժ Սարգսյանը հանձնարարել է զբաղվել «Նաիրիտում» աշխատավարձերի հարցով

Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների պատվիրակությանը, ովքեր ներկայացրել են իրենց բողոքը չորս ամիս չստացած աշխատավարձի կապակցությամբ: «Նաիրիտ»-ի աշխատակիցները նաև փոխանցել են աշխատատեղերը հետագայում կորցնելու վերաբերյալ իրենց և գործընկերների մտահոգությունը` պայմանավորված այս պահին չաշխատող ձեռնարկության ապագայի անորոշությամբ:

«Նաիրիտ գործարան»-ի գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը ևս ներկա է եղել հանդիպմանը: Նախագահի աշխատակազմի ղեկավարը խստորեն քննադատել է ձեռնարկության ղեկավարությանը` առկա խնդիրների լուծման ուղղությամբ ժամանակին բավարար քայլեր չձեռնարկելու և աշխատակիցներին այսօր արդեն ծայրահեղ քայլերի մղելու համար:

«Նաիրիտ»-ի աշխատակիցների պատվիրակությանն ընդունելուց հետո, Կարեն Կարապետյանը հանդիպել է նաև դրսում հավաքված նրանց գործընկերների հետ և փոխանցել կառավարության պատասխանատուներին ՀՀ նախագահի տված հանձնարարականներն ու «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հեռանկարի հետ կապված մոտեցումը:

Ընդգծելով, որ «Նաիրիտ»-ը պետական սեփականություն չէ, հետևաբար, պետությունն իրավունք չունի ուղղակի միջամտություն ցուցաբերել ձեռնարկության տնտեսական գործունեությանն առնչվող խնդիրներին, Կարեն Կարապետյանը նշել է, որ պետությունն այս պահին մտահոգված է ամիսներ շարունակ աշխատավարձ չստացած իր քաղաքացիների սոցիալական խնդիրներով, ինչպես նաև երկրի տնտեսության մեջ կարևոր դեր ունեցող քիմիական հսկայի ճակատագրով:

Աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանն արդեն հանձնարարել է գործադիր իշխանության պատասխանատուներին` ձեռնարկության սեփականատիրոջ հետ քննարկել ստեղծված իրավիճակը և միջոցներ ձեռնարկել ամենասեղմ ժամկետում` առաջիկա 10 օրվա ընթացքում աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձը վճարելու, այնուհետ` մեկ ամսվա ընթացքում մնացած ամիսների աշխատավարձը մարելու ուղղությամբ:

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման հետ կապված, Կարեն Կարապետյանի հավաստմամբ, երկրի ղեկավարի մոտեցումը հստակ է` պետք է ամեն ինչ անել` գործարանը վերագործարկելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: