Home / Армения / «Ազգային պետություն» և «վերազգային կայացում». ո՞րն է Հայաստանի հեռանկարային համակարգը

«Ազգային պետություն» և «վերազգային կայացում». ո՞րն է Հայաստանի հեռանկարային համակարգը

Որն է հասարակական «ազգային պետություն» հարթության իրավասությունների ոլորտը և որն է դրա անհրաժեշտությունը արդաիականության տեսանկյունից: «Ազգային պետություն» գաղափարի շուրջ երեկ քննարկումներ են ծավալվել «Փոքր Խորհուրդ» հասարակական-քաղաքական խմբի հերթական նիստում:

Հիմնվելով քաղաքագետ Էդգար Վարդանյանի այն դրույթի վրա, որ արդի միջազգային հարաբերությունների ոլորտը իրականում ոչ թե համամարդկային, այլ միայն միջպետական բնույթ է կրում, և ուստի նրա մեջ ժողովրդավարական և ազատական տարրերը հնարավոր են այնքանով, որքանով  ժողովրդավարական ու ազատական են դրա մեջ ընգրկված պետությունները՝ բանավեճի մասնակիցներն առանձնացրեցին երկու խնդիր: Առաջինը՝ հայկական պետության ժողովրդավարացումն ու ազատականացումն է, երկրորդ մոտեցումը ձևակերպել է թատերագետ Արա Նեդոլյանը՝ մտածել ոչ թե միջազգային, այլ՝ վերազգային, համամարդկային մակարդակի կառուցման, կայացման մասին:

Առաջարկելով ազգային պետությունը դիտարկել ըստ նրա իրավասությունների մեջ մտնող ոլորտների՝ Նեդոլյանը տեսակետ է հայտնել, որ դրանց հիմնական մասը, ինչպիսիք են օրինակ՝ արտաքին անվտանգությունը, տնտեսության զարգացումն ու կառավարումը, մարդու իրավունքների ապահովումը, բնապահպանությունը, մշակույթի, գիտության ու կրթության զարգացումը՝ ավելի արդյունավետ կլիներ ապահովել ոչ թե ազգային պետության, այլ վերազգային կառույցների իրավասությունների մակարդակում:

Հիմնավորելով այդ կարծիքը՝ Նեդոլյանը նշել է, որ ազգային պետությունը այդ բոլոր գործառույթները իրականացնում է նպատակ ունենալով ապահովել տվյալ ազգի, տվյալ պետության «ազգային շահերը», ինչը ինքնաբերաբար նշանակում է մի խումբ մարդկանց շահեր ապահովելու փորձն այլ մարդկանց՝ ուրիշ ազգերի ու պետությունների հաշվին: Առաջին հերթին, դա բերում է նրան, որ ազգային պետությունը ձգտում է ձևավորել կյանքի հիմնական ոլորտների նկատմամբ ոմն «խմբագրած», թերի, աղավաղված մոտեցում, ինչը և բերում է այդ ոլորտների թչ լիարժեք զարգացմանն ու ապահովմանը: Ըստ Նեդոլյանի՝ դա տեղի է ունենում նաև ամենազարգացած, ժողովրդավար ու ազատական պետություններում, որոնք միևնույնն է չեն կարողանում զերծ մնալ իրենց «ազգային-պետական շահը» ձևակերպելուց:

Թափառական կենդանիների իրավունքների պաշտպան Լալա Պողոսյանը և Էդգար Վարդանյանը կարծիք են հայտնել, որ ազգային ժողովրդավարական պետություն ձևակերպելու նպատակի վրայով «թռիչքը» և այդ ամենը համամարդկային մակարդակով ձևակերպելու փորձը վտանգավոր է և անիրակականալի, քանի որ միայն զարգացած ազգային պետությունների պայմաններում ապրող հասարակություններն ընդունակ են տեսնել և ձևակերպել հաջորդ, արդեն համամարդկային մակարդակը, իսկ Հայաստանի պայմաններում ժողովրդավարական պետության ձևավորումը անհրաժեշտ է, որպեսզի մարդկանց նախ հանել ցեղային, կլանային, տեղայնական ապրելաձևի և իրենով պայմանավորված հետադիմական արժեհամակարգերի ազդեցություններից: Նեդոլյանը ենթադրեց, սակայն, որ վեր-ցեղային, ազգային, օրինական  պետության ստեղծման, սահմանադրական կարգի հաստատման հարցը լուծվում է, եթե դրված է մեկ քայլ առաջ գնացող նպատակ՝ մարդկային կեցության հարցերի լուծումները տալ համամարդկային, չաղավաղված մակարդակով. հենց այդպես են, ըստ Նեդոլյանի, կայացել ամենաառաջադեմ ազգային պետությունները, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԽՍՀՄ /իր վաղ, առաջիդամական տարբերակով/, որոնք դրել են առհասարակ մարդու, այլ ոչ թե տվյալ ազգության կամ տարածքի մարդու՝ իրավունքներին համապատասխանող պետության կայացման խնդիրը:

Բանավեճի մասնակից արվեստագետ Արման Գրիգորյանը նշել է, որ իրեն իբրև համամարդկային բացակայող հարթությունը ներկայացնող կառույց ձգտում է դրսևորել ալտեր-գլոբալիստական շարժումը: Ներկաները որպես նման կառույցներ հիշատակել են նաև բնապահպանական ու մարդու իրավունքները պաշտպանող շարժումները: Միտք է հնչել, որ անհրաժեշտ է գումարել, ի մի բերել «մարդկություն» մակարդակը ներկայացնող ամենաառաջադեմ մոտեցումները կյանքի բոլոր հիմնարար ոլորտներում, ստեղծել այդ նախագծվող կառույցների «մարդկության» արժեհամակարգը, մոտեցումները ու չափանիշները, որպեսզի «մարդկություն» հարթությունը տեսանելի, առարկայական և գրավիչ դառնա մարդկանց համար, իբրև իրենց կենսական պահանջները լավագույնս ապահովող հեռանկարային համակարգ:

Բանավեճի ավարտին մասնակիցները կարծիք են հայտնվել, որ «Փոքր Խորհուրդը» կարող է հանդիսանալ այն օղակը Հայ Ազգային Կոնգրեսում ու հայաստանյան հասարակությունում, որը հարցերը կդիտարկի հաշվի առնելով ոչ միայն ազգային, այլև՝ համամարդկային տեսակետը, մարդկության նոր ձևավորվող չափանիշներից ու արժեքներից ելնելով:       

Հիշեցնենք, որ «Փոքր խորհուրդը» հասարակական-քաղաքական խումբ է, որի գործունեության նպատակն է ինտենսիվ քննարկումների մթնոլորտում մշակել արդի, հետինդուստրիալ հասարակությանը հարազատ գաղափարական, մշակութային, քաղաքական և քաղաքացիական մոտեցումներ: