Ադրբեջանական ֆիլմերի փառատոնին դեմ արտահայտվողները ջանքեր չեն գործադրում, որ այն ձախողվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է բլոգեր Տիգրան Քոչարյանը:
«Այն ի սկզբանե ձախողված միջոցառում էր, որովհետև ոչ ժամանակին էր, ոչ տեղին: Ժողովրդի լեզվով ասած, «անկապ տեղը» մարդն ուղղակի որոշել է ինչ-որ բան անի, զուտ գումար աշխատելու միջոց է», – ասել է բլոգերը` նկատի ունենալով փառատոնի կազմակերպիչ Գեորգի Վանյանին:
Քոչարյանն ասել է, որ Վանյանին հրավեր է ուղարկվել «Ազատություն» ռադիոկայանի եթերում բլոգեր Ռուբեն Մուրադյանի հետ բանավեճի մասնակցելու:
«Վերջին պահին նա չեկավ, այսինքն` մարդը, որը փառատոն կազմակերպելու համար ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների կողմից, չի գալիս մի ռադիոկայան, որը նույնպես ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների կողմից: Փաստորեն, ինքը կամ ասելիք չունի, կամ ասելիքն է շատ թույլ», – հայտարարել է Քոչարյանը:
Նրա խոսքով` Գեորգի Վանյանին պետք է «փի-առ», որն «ի լուր աշխարհի և իր սպոնսորների ներկայացնի, որ Հայաստանում կա հակատոլերանտություն, հակաադրբեջանական ելույթներ»:
«Խաղաղության հաստատելու միակ միջոցն է հզորացնել մեր բանակը և վանյանանման էլեմենտները շրջանառությունից դուրս հանել», – կարծիք է հայտնել Քոչարյանը:
Բլոգերի հետ չի համաձայնել ասուլիսի մեկ այլ մասնակից, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
«Տարօրինակ է, որ ամեն ինչից խոսվեց, բայց փառատոնի մասին բան չասվեց», – նկատել է Դադասյանը` նշելով, որ «փառատոնի կազմակերպիչ Գեորգի Վանյանը հրաշալի անձնավորություն է»:
«Տոլերանտությունը վատ բան չի, խորհուրդ կտայի այս հարցը չքաղաքականացնել», – դիմելով Քոչարյանին` ասել է Ժիրայր Դադասյանը:
«Խոսքը գնում է ադրբեջանական ֆիլմերի փառատոնի մասին: Անկեղծ ասաց, ինձ համար շատ հետաքրքիր է, թե ինչ են անում այնտեղ, մենք շատ կտրված ենք», – նշել է թատերական գործիչը:
Դադասյանը պատմել է, որ 2001թ. երբ ինքը Հայաստանում Մնջախաղի միջազգային փառատոն էր կազմակերպում, հրավիրվել է նաև թատերախումբ Ադրբեջանից: Այդ առիթով Դադասյանը կարծիք էր հարցրել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ով ասել է, որ ինքն այդ հարցում բարդույթներ չունի: