Երեկ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ահաբեկիչների կողմից 7 մարդ է սպանվել: Զոհվածների թվում են երկու քրիստոնյա, որոնք գնդակահարվել էին իրենց տներում, հայտնում է AFP-ն:
Նրանցից մեկը սիրիացի կաթոլիկ է, ով աշխատում էր տեղի հակակոռուպցիոն գրասենյակում, իսկ մյուս սպանվածը` ազգությամբ հայ է: Լրատվամիջոցները հայի անունը չեն նշում:
Ոստիկանության տվյալներով`սպանության հեղինակները փախուստի են դիմել:
AFP-ի փոխանցմամբ` տվյալ միջադեպը վերջին շրջանում Իրաքում քրիստոնյաների սպանությունների հաճախացած դեպքերից հերթականն է: Անցյալ շաբաթ «Ալ Ղաիդայի» զինյալները պայթյուն են իրականացրել Բաղդադի կաթոլիկ եկեղեցիներից մեկում, որի արդյունքում մոտ 50 մարդ էր զոհվել: Բացի այդ, ահաբեկիչները գրոհել էին Բաղդադի քրիստոնյաների տները և հարձակումներ կազմակերպել նրանց խանութների վրա, ինչի արդյունքում 6 մարդ զոհվել էր և 33-ը` վիրավորվել: