Home / Հայաստան / Փաշինյանին «Կոշ» ՔԿՀ-ում մեկուսացրել են

Փաշինյանին «Կոշ» ՔԿՀ-ում մեկուսացրել են

Երեկվանից «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը միայնակ է պահվում «Կոշ» ՔԿՀ-ի մեկուսարաններից մեկում, ինչը վկայում է, որ նրան իսկապես վտանգ է սպառնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ա1+» հեռուստաալիքի նախագահ Մեսրոպ Մովսիսյանը:

«Ես հավատում եմ Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարություններին: Ես չեմ հավատում, որ կրիմինալը որևէ կապ ունի նրա դեմ իրականացվող հարձակումների հետ: Հանցագործ աշխարհը ունի իր օրենքները, չի խառնվում քաղաքականության մեջ»,- ասել է Մովսիսյանը:

Մեսրոպ Մովսիսյանը նշել է նաև, որ եթե նույնիսկ հանցագործ աշխարհի ներկայացուցիչները որևէ կապ ունեն դեպքերի հետ, ապա միայն իշխանության հրամանով:

Նա դրական է համարել Նիկոլ Փաշինյանին մեկուսացնելու որոշումը:

Նշենք, որ այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված իր հոդվածում Նիկոլ Փաշինյանը պատմել է, որ «Կոշում» գտնվելու ընթացքում բնակվել է մեծ սենյակում, որը չի կարելի խուց անվանել:

«Իրականում դա խուց չէ, որովհետև այդ տարածքի դուռը չի փակվում և օրվա մեջ բաց է 24 ժամ: Դռան վրա նույնիսկ փական չկա, և ՔԿՀ ցանկացած դատապարտյալ այդ սենյակ կարող է մուտք գործել իր ուզած ժամանակ: Նույնը և ՔԿՀ աշխատակիցները», – գրել է Նիկոլ Փաշինյանը: