Այսօր ժամը 15:00-ին Սարյանի արձանի տարածքում «Հայկական ժամանակ» օրաթերթի նախաձեռնությամբ կկայանա ակցիա` ի պաշտպանություն թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին տեղեկացրել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Նա ասել է, որ ներկա գտնվող լրագրողները կարող են չկիսել Նիկոլի հայացքները, բայց որպես ազնիվ լրագրող, որպես Փաշինյանի գործընկեր նրանք պարտավոր են ներկա գտնվել, և առհասարակ խոսել նրա դեմ կատարվող ոտնձգությունների մասին:
«Մի պահ մտածեք, թե ինչպես է ապրում Նիկոլ Փաշինյանը, երբ ամեն վայրկյան` նույնիսկ քնած ժամանակ, գիտի, որ իր դեմ հարձակում կարող է լինել: Մենք այլ լծակ չունենք Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու, քան բարձրաձայնելը», – ասել է Հարությունյանը:
Իրավապաշտպանի խոսքով` «որպեսզի Նիկոլից հետո հերթով մեզանից յուրաքանչյուրին չտանեն, բոլորիս գործն է նրան պաշտպանելը»:
«Պաշտպանելով Նիկոլին` պաշտպանում ենք ինքներս մեզ», – ասել է Հարությունյանը: