Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն աբսուրդ է անվանել մի շարք արևմտյան ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, որ հայկական պատվիրակության անդամները ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Լիսաբոնի հյուրանոցներից մեկում խրախճանքի են մասնակցել:
«Դա այնքան աբսուրդ է, որ ոչ միայն մեկնաբանության, այլ նաև հերքման կարիք չունի», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Բալայանը:
Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները` հղում կատարելով պորտուգալական մամուլին, հայտարարել էին, որ լիսաբոնյան հյուրանոցի աշխատակազմը ստիպված է եղել դիմել ոստիկանություն` կրքերը հանդարտեցնելու համար: Այդ հյուրանոցում բնակվել են վրացական պատվիրակության անդամները:
ԶԼՄ-երի հավաստմամբ` խրախճանքին միացել են նաև հայկական պատվիրակության անդամները:
Ըստ լուրերի` վրացական պատվիրակության անդամները 80 մարմնավաճառ են հրավիրել և հյուրանոցի համարներում բուռն խրախճանք են կազմակերպել; Նույն հյուրանոցում բնակվող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, վրդովված այս աղմուկից, դիմել է հյուրանոցի աշխատակազմին, իսկ վերջինս էլ ոստիկանություն է դիմել: