Լիբանանում երեկ շարունակվել են հայ համայնքի ներկայացուցիչների ցույցերն ընդդեմ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Էրդողանը Լիբանան կատարած իր այցի երկրորդ օրվա ընթացքում այցելել է Սիդոն քաղաք, որտեղ հիվանդանոցի բացման արարողությանն է ներկա եղել, իսկ միևնույն ժամանակ լիբանանահայերը Բեյրութի Նահատակած հրապարակում են հավաքվել, որտեղ շարունակել են իրենց բողոքի ակցիան:
Լիբանանյան «Ազդակ» օրաթերթի հաղորդմամբ` երեք հայկական ավանդական կուսակցությունների` Հնչակներ, Դաշնակցություն, Ռամկավարներ, մոտ 10 հազար երիտասարդ ակտիվիստներ հանել են հրապարակում փակցված Էրդողանին ողջունող պաստառը և այն փոխարինել են Հայաստանի և Լիբանանի դրոշներով:
Երիտասարդներին փորձել են խանգարել ոստիկանական ուժերը, և այդ ընթացքում նրանց միջև բախում է տեղի ունեցել: Իրադարձությունների ընթացքին միջամտել է Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունին, ով հանդարտեցրել է կրքերը:
Լիբանանահայ հասարակական և քաղաքական գործիչները Էրդողանի այցի ընթացքում մի քանի հարցազրույց են տվել Լիբանանի հեռուստաընկերություններին և թերթերին` նշելով, որ Էրդողանը Լիբանանում փորձել է շահարկել պաղեստինյան հարցը և Լիբանանի հետ բանակցություններն օգտագործել ի շահ Թուրքիայի, և ոչ թե նպատակ ունենալով աջակցել խնդրի լուծմանը և զորակցել պաղեստինցիներին:
ՀՅԴ ներկայացուցիչ Հովիկ Մխիթարյանը հայտարարել է, որ «օսմանցիների ժառանգորդ թուրքերը, արաբների հետ չեն կարող դաշնակիցներ լինել»:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ` Էրդողանի Բեյրութ ժամանելու օրը, Լիբանանի հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ հավաքվել էին օդանավակայանի մոտ:
Նրանք իրենց դժգոհությունն էին հայտնել Թուրքիայի վարչապետի ժամանման կապակցությամբ:
Հայերի պաստառների վրա գրված է եղել` «Լիբանանցիները չեն մոռացել տարածաշրջանում Թուրքիայի արյունոտ պատմությունը», «Այսօրվա Թուրքիան երեկվա Թուրքիան է` չար, բռնապետական և թշնամական», «Էրդողանը պետք է խոնարհվի մեր նահատակների առջև»: