Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը երեկ հայտարարել է, որ իր երկիրը «Առաջին Համաշխարհային պատերազմի դառը իրադարձություններից գրեթե մեկ դար անց շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորմամբ», գրում է AFP գործակալությունը:
«Ակնհայտ է, որ այս խնդիրները հեշտ լուծելի չեն»,- ասել է Գյուլը` Շվեյցարիա կատարած երկօրյա այցի ընթացքում:
Նրա խոսքով` Թուրքիան ցանկանում է, որ Ցյուրիխում 2009 թվականին ստորագրված Արձանագրությունները, որոնք ուղղված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ուժի մեջ մտնեն:
«Մենք շարունակելու ենք նույն ուղղությամբ աշխատել, որպեսզի Կովկասում հաստատուն և համընդհանուր խաղաղություն տիրի»,-ասել է Գյուլը:
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «նույն խիզախությամբ կշարունակի, ինչը կնպաստի գործընթացի հաջողութանը»:
Շվեյցարիայի նախագահ Դորիս Լյոթարը Գյուլին ուղղված իր ողջույնի խոսքում կոչ է արել Հայաստանին և Թուրքիային հարաբերությունները կարգավորելու հարցում քայլ առաջ անել:
Նրա խոսքով` Շվեյցարիան համոզված է, որ երկխոսության և համագործակցությանն ուղղված ջանքերից ոչ մի քայլ հետ չպետք է լինի, քանի որ Թուրքիան և Հայաստանը վերջին տարիներին մեծ աշխատանք են ծավալել այդ ուղղությամբ:
«Թող հարաբերությունների կարգավորման գործընթացը երկու երկրների միջև շարունակվի»,-ասել է Լյոթարը: