Հաջորդ ուրբաթ Երևանում` ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ, ի պաշտպանություն քաղբանտարկյալների անցկացվող ավանդական ակցիային զուգահեռ Հայաստանի երեք մարզերում նույնպես անցկացվելու են ակցիաներ և պիկետներ: Այսօր այս մասին Սարյանի արձանի մոտ քաղաքական զբոսանքի ընթացքում հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
«Հրազդանում՝ Սասունի և Արամ Բարեղամյանի համար, Իջևանում՝ Նիկոլի համար, Գյումրիում՝ Հարություն Ուռուտյանի համար: Երևանում բոլորը միանում են դատախազության ակցիային: Սրա իմաստը հետևյալն է` մենք շարունակելու ենք մեր պայքարը, մենք ընդարձակում ենք մեր պայքարը, մեծացնելու ենք աշխարհագրությունը և այս միջոցառման սիմվոլը հետևյալն է` միջոցառումը բոլոր չորս տեղերում լինելու է նույն ժամին: Համահունչ, ներդաշնակ Հայաստանի տարբեր մարզերում անկացվելու են բողոքի ցույցեր` ի պաշտպանություն մեր քաղբանտարկյալների»,- հայտարարել է Արամ Մանուկյանը: