Ամերիկյան հայտնի Foreign Policy ամսագրի կողմից ներկայացրած համաշխարհային ինտելեկտուալների 100 հոգանոց ցուցակի մեջ է հայտնվել ստամբուլահայ Տարոն Աջեմօղլուն, ով ներկայումս դասախոսում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։
Թուրքական մամուլը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ Foreign Policy-ի ցուցակում 2 Թուրքիայի քաղաքացի կա՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն և ստամբուլահայ Տարոն Աջեմօղլուն, գրում է News.am-ը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ-ի Մասաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր, հայազգի Տարոն Աջեմօղլուին հրավիրել էր Թուրքիա։
Milliyet-ի հետ հարցազրույցում Տարոն Աջեմօղլուն նշել էր, թե երբեք Դավութօղլուի հետ չի հանդիպել, միայն հեռախոսով է հետը խոսել։ «Հուսով եմ, առաջիկայում Թուրքիա կվերադառնամ և նրա հետ մոտիկից կծանոթանամ»,- նշել էր հայազգի տնտեսագետը:
Տարոն Աջեմօղլուն, IDEAS/RePec տնտեսագիտական վերլուծական կազմակերպության կողմից հրապարակված տվյալների համաձայն, աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների մեջ է մտնում՝ զբաղեցնելով 8-րդ տեղը, երբ Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆ. Փոլ Կրուգմանը այդ ցուցակում 13-րդ տեղն է։