Այսօր Երևանում անցկացվեց Հայոց Համազգային Շարժման երիտասարդական միության 12-րդ համաժողովը, որը մեկնարկեց առավոտյան 11:00-ին և տևեց մոտ 9 ժամ: Համաժողովում ՀՀՇ երիտասարդական միության նախագահ ընտրվեց Բաբկեն Ուռուտյանը, տեղակալ՝ Ռուբեն Աղաբաբյանը, քարտուղար՝ Լիլիթ Մելքոնյանը: Բաբկեն Ուռուտյանը քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի որդին է, ով նաև Հայ Ազգային Կոնգրեսի Մարալիկի շտաբի ղեկավարն է, ինչպես նաև Մարալիկում ՀՀՇ-ի պատասխանատուն:
Երիտասարդական միության նորընտիր ղեկավարը երեսուն տարեկան է, մասնագիտությամբ բժիշկ: Նշենք, որ Բաբկեն Ուռուտյանը փոխարինեց Կարեն Կարապետյանին, ով մոտ 10 օր առաջ հրաժարական տվեց ՀՀՇ երիտթևի ղեկավարի պաշտոնից: Համաձայն մամուլում հրապարակված տեղեկությունների՝ Կարեն Կարապետյանի հրաժարականի պատճառն այն էր, որ իրեն չէին ուղարկել Լիբանան, որտեղ անցնում էր Լիբերալ երիտասարդության միջազգային ֆեդերացիայի հավաքը, իսկ Լիբանան էին մեկնել ՀՀՇ վարչության ղեկավար Արամ Մանուկյանի դուստրն ու որդին: Կարապետյանի հետ միասին կուսակցության երիտթևից հեռացել էին 26 մարդ: Արամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր 26 մարդու հեռանալու տեղեկությունը, սակայն նշել էր, որ նրանք հեռացել են ոչ թե ՀՀՇ կառույցից ընդհանրապես, այլ միայն երիտասարդական միությունից: Նա նաև հավելել էր, որ մի քանիսն իր հետ զրույցից հետո հետ էին վերցրել դիմումները: Նշենք, որ Կարեն Կարապետյանը ՀՀՇ-ի երիտասարդական միության 12-րդ համաժողովին ներկա չէր:
Մանուկյանն համաժողովին հնչեցրած իր ելույթի ընթացքում ակնարկով անդրադարձավ ՀՀՇ-ի երիտթևում տեղի ունեցած խմորումներին:
ՀՀՇ վարչության նախագահն ասաց, որ պետք է խնդրանքով դիմի իր երիտասարդ ընկերներին՝ չմեծամտանալ: ՀՀՇ ղեկավարի խոսքերով՝ այդ մեծամտանալու շնորհիվ իրենք կորուստներ ունեցան կուսակցության շարքերում:
Արամ Մանուկյանն անդրադարձավ նաև իր ղեկավարած քաղաքական ուժի հետագա անելիքներին, որոնք, նրա խոսքով, իրենք պետք է լուծեն ՀՀՇ-ի երիտասարդ սերնդի հետ.
«Մենք 88-ի սերունդն ենք, դուք 2008-ի սերունդն եք: Մեր այս վիճակը ստիպեց երկու քաղաքական սերունդների իրար ձեռք մեկնել, մենք դեռևս չենք ավարտել, դուք արդեն սկսել եք: 2008-ից սկսած` երկու սերունդ, ՀՀՇ-ի քաղաքական սերունդ իրար ձեռք մեկնեցին: Ես շատ ուրախ եմ, որ ձեր սերունդը և մեր սերունդը միասին լուրջ քաղաքական խնդիր ունեն Հայաստանում լուծելու` դա պետականության ամրապնդումն է, դա սահմանադրական կարգի վերականգնումն է, դա մեր երկրի բարգավաճ ժողովրդավար ազատական երկիր ունենալն է: Ես ձեզ որպես ավագ ընկեր դիմում եմ՝ այս գործը կատարել ՀԱԿ-ի հետ համատեղ, համախմբվել ՀԱԿ-ի շուրջ, լավ աշխատանքային, գործնական, ընկերական հարաբերություններ ունենալ ՀԱԿ-ի բոլոր կուսակցությունների հետ: Մենք այդպես շատ ավելի ուժեղ ենք»:
ՀՀՇ երիտասարդներից բավական ծավալուն ելույթով հանդես եկավ Սարգիս Գևորգյանը:
«Քաղաքական սպանդի, քաղաքական հալածանքների և ձերբակալությունների արդյունքում վերարտադրված հանցավոր իշխանությունները Հայաստանի Հանրապետությունը դատապարտեցին շարունակական պարտությունների: Մենք` ՀՀՇ երիտասարդական միության անդամներս, լինելով ՀԱԿ-ի կազմում` նրա առաջնորդ ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, ինչպես մինչ այսօր, այնպես էլ այսուհետ պետք է ամեն օր պայքարենք Հայաստանում ժողովրդավարության հաստատման, քաղբանտարկյալների ազատ արձակման, մարտիմեկյան սպանդի կազմակերպիչների բացահայտման և պատասխանատվության ենթարկման համար: Մինչ այսօր մենք կարողացել ենք ապացուցել, որ կրիմինալ իշխանությունների՝ մեզ ծնկի բերելու, մեր պայքարը կասեցնելու ոչ մի քայլ չի կարող հասնել իր նպատակին»,- ասաց Սարգիս Գևորգյանը: