ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօր հավաքվել էին Արտավազ գյուղի, Հրազդան քաղաքի բնակիչները, ինչպես նաև Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները, որոնք պահանջում էին կառավարությունից վերանայել այն որոշումը, համաձայն որի Կոտայքի մարզի Արտավազ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ գերակա հանրային շահ են ճանաչվել մոտ 100 քաղաքացիների և քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հողերը:
Նմանատիպ ակցիա էր անցկացվել նաև նախորդ շաբաթ: Բողոքողները նշում են, որ այդ հողերն իրենցից խլում են` Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբորը` ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Աբրահամյանին հանձնելու համար, ով այդ վայրում ցանկանում է արաբական մի շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցել:
Այն պահին, երբ այսօրվա ակցիայի մասնակիցները հավաքվեցին Կառավարության շենքի մոտ, նրանց մոտեցավ Կառավարության դիմում-բողոքների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը և ասաց, որ անցյալ շաբաթ ներկայացրած նամակի գրավոր պատասխանն իրենք կտան առաջիկա տասն օրվա ընթացքում:
Հավաքված մարդիկ իրենց դժգոհությունը հայտնեցին հողերն ապօրինի վերցնելու կապակցությամբ, ինչին Ղազարյանը պատասխանեց.
«Բայց այդ գործարանում դուք եք աշխատելու»: Այս արտահայտությունը զայրույթի ալիք բարձրացրեց հրազդանցիների մոտ: Ակցիայի մասնակից կանանցից մեկը կառավարության ներկայացուցչին առաջարկեց «իրենց կանանց ուղարկել արաբ շեյխի մոտ աշխատելու»:
Այնուհետև ակցիայի կազմակերպիչ Թագուհի Թովմասյանին և Հրազդանի բնակչուհի Ալետա Միքայելյանին հնարվորություն ընձեռվեց մտնել կաառավրության շենք, որտեղ նրանց բողոքը լսեց Կառավարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Լիանա Հունանյանը: Շենքից դուրս գալուց հետո Թագուհի Թովմասյանը լրագրողներին ներկայացրեց Հունանյանի հետ զրույցի բովանդակությունը:
«Նա պաշտոնապես հայտարարեց, որ մեզ տալիս է ընդամենը տնտեսագիտական բացատրություն: Իրենք այսպես են բացատրում` մարդ է, փող ունի, գնել է հողը, ուրեմն թող գործարան կառուցի, ավելի շատ աշխատատեղ է, քան ՀԷԿ-ը (Սասուն Միքաելյանն այդ հողերը ստացել էր ՀԷԿ կառուցելու նպատակով- Epress.am): Ես ասացի, որ, առաջին հերթին, այստեղ կա բարոյական խնդիր, որ Սասուն Միքայելյանից և գյուղացիներից, որոնց սեփականության իրավունքը գերակա է, որևէ մեկն իրավունք չունի սեփականության իրավունքը խլելու: Երկրորդ` ես ասացի, որ սա քաղաքական հարց է, որովհետև Սասուն Միքայելյանը եթե բանտում չլիներ, Արա Աբրահամյանը չէ, ով ուզում է, Աստծո հետ նույնիսկ ներկայանար, նրանից որևէ մեկը հող չէր կարող խլել, հետևաբար սա քաղաքական որոշման արդյունք է: Երրորդ` այստեղ կա Հրազդանի խնդիրը: Սասուն Միքայելայնի նախընտրական բոլոր ծրագրերում` հատկապես վերջինում, շեշտված է եղել, որ Հրազդան քաղաքն այդ հատվածից պետք է ինքնահոս ջուր ստանար և այդ ջրի խնդիրը նրանք փաստորեն գերակա չեն համարում»,- ասել է Թագուհի Թովմասյանը:
Նա նաև կարծիք է հայտնել, որ իրենց նամակի պատասխանը բացասական է լինելու: Նման դեպքում ակցիայի կազմակերպիչները 10 օր հետո նախատեսում են բողոքել արդեն նախագահական նստավայրի դիմաց: Ակցիաները, Թովմասյանի խոսքով, պարբերաբար կրկնվելու են: