«Ես ավելի ամբողջական տեղուկություն ունեմ. այդ օրն իրենք երկու անգամ յարխուշտա են պարել, երեք անգամ` «Սարի սիրուն իմ յար ջան»»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգության» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը ծիծաղով մեկնաբանեց այսօր հայկական մամուլում տեղ գտած տեղեկություններն իր կուսակցի` Ստյոպա Սաֆարյանի մասին:
Հիշեցնենք, որ, համաձայն «Հրապարակ» թերթի, «Օրինաց երկիր» կուսակցությունը փորձում է իր շարքերը համալրել ոչ միայն բիզնեսմեն-փողատերերով, այլև քաղաքական դեմքերով: Եվ այդ նպատակով բանակցություններ է սկսել որոշ անձանց հետ: Մասնավորապես, այդ անձանց թվում է «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, որը, ըստ մեր աղբյուրների, երկու անգամ գաղտնի հանդիպում է ունեցել ՕԵԿ ղեկավարության հետ:
«Շատ հետաքրքիր են քաղաքական զիգզագները Ստյոպա Սաֆարյանի «Օրինաց երկրում» հայտնվելու հետ կապված: ՀԱԿ-ից սկսեց և, ոնց որ թե, շարունակում է «Օրինացով»», – փաստեց պատգամավորը:
Իրականում, Մարտիրոսյանի խոսքով, այս տեղեկատվությունը հերթական հերյուրանքն է, որն, ըստ նրա, կապված է, «Ժառանգության» հեղինակության հետ.
«Տարբեր քայլեր են փորձում իրականացնել «Ժառանգությանը» հարվածելու ուղղությամբ, սա այս քայլերից մեկն է»:
Մարտիրոսյանը չի կարծում, որ այս լուրերը «Օրինաց երկիրն» է դնում շրջանառության մեջ.
«Այս հրապարակումով նաև, կարծես թե, հարված է հասցվում «Օրինաց երկրին», այն առումով, որ «Օրինաց երկիրը» կադրերի հսկայական պակաս ունի և այստեղից-այնտեղից փորձում է կադրեր հավաքել»:
Այս լուրերի հեղինակներն էլ, կարծում է պատգամավորը, այն ուժերն են, որոնք «խնդիր ունեն Ժառանգության ընտրազանգվածի ուղղությամբ աշխատելու և փորձել հեղինակազրկել Ժառանգությանը»: