Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել WikiLeaks-ի հրապարակած այն նյութի վերաբերյալ, որում ասվում է, որ ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ Ալիևը ժառգոնային բառապաշար է օգտագործում: Ըստ նախագահի մամուլի ծառայության` այս տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:
Հայտարարության մեջ ասված է. «Այդ նյութերը բացահայտ սադրանք են` ուղղված Ադրբեջանի հարաբերությունների խափանմանը հարևան պետությունների հետ և երկրների առաջնորների միջև անվստահության մթնոլորտի ստեղծմանը: Նախագահի բառապաշարում բացակայում են փողոցային արտահայտություններ, սուր ու զգացմունքային գնահատականներ»:
Հիշեցնենք, որ համաձայն WikiLeaks-ի հրապարակումների` քաղաքականության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիլ Բըրնսի հետ փետրվարին Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը «նոր, ժամանակակից սերնդի ինտելեկտուալ ներկայացուցիչ է» , ով, սակայն, շրջապատված է այնպիսի մարդկանցով, որոնց վրա նա ազդեցություն չունի:
«Բազմաթիվ պաշտոնատար անձինք նրան որպես առաջնորդ չեն ընկալում»,- Բըրնսի հետ հանդիպման ժամանակ ասել է Ալիևը: Նա նաև անդրադարձել է Պուտինի և Մեդվեդևի հարաբերություններին. «Ինչպես ասում են ադրբեջանցիները` երկու գլուխ մի կաթսայում չես եփի: Երկու առաջնորդների թիմերում անհամաձայնության մթնոլորտ կա»: