Wikileaks-ի աղմկահարույց բացահայտումներից մեկը վերաբերում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ընտանիքին: ԱՄՆ Պետդեպի` «Ղազախստանի առաջնորդների կենսակերպը» անունը կրող գաղտնի փաստաթղթում նկարագրվում է, թե ինչպես են Նուրսուլթան Նազարբաևը և նրա ընտանիքի անդամներն անցկացնում իրենց ազատ ժամանակը:
Մասնավորապես, ԱՄՆ Պետդեպի փաստաթղթում նշվում է, որ Նազարբաևը հողատարածք ունի Անթալիայում, որը, թուրք դիվանագետ Օրհան Իշիքի խոսքով, նվեր է ստացել 90-ականների սկզբին: Նազարբաևը ծրագրեր ունի այդ վայրում ճոխ հյուրանոց կառուցել:
2007 թվականին Նազարբաևի փեսան` Թիմուր Կուլիբաևը, իր ծննդյան 41-րդ տարեդարձը մեծ շուքով է տոնել: Նա Ալմաթիում գտնվող առանձնատանը մասնավոր համերգ է կազմակերպել, որին հրավիրել է Ռուսաստանի շոու-բիզնեսի աստղերին: Իսկ ահա համերգի գլխավոր աստղն է եղել բրիտանացի փոփ-աստղ Էլթոն Ջոնը, ում բեմում մեկ անգամ հայտնվելու համար մեկ միլիոն ֆունտ են վճարել (1,5 միլիոն դոլար): 2007 թվականի օգոստոսին Կուլիբաևի կնոջ` Դինարա Նազարբաևայի ծննդյան օրվա կապակցությամբ հյուրերի համար երգել է կանադուհի փոփ-աստղ Նելլի Ֆուրտադոն:
Համաձայն ԱՄՆ Պետդեպի տվյալների` Կուլիբաևը նաև իր կարողությունը ծախսում է ընկերների վրա: Մասնավորապես, նա Թուրքիայի Բոդրում քաղաքում կառուցված մի քանի շքեղ ամառանոցներ է գնել և նվիրել իր ընկերներին: Յուրաքանչյուրի գինը կազմել է 4-5 միլիոն դոլար: