ԵԱՀԿ Մինսկի խումբը հանձնարարություն ունի մինչև Աստանայի գագաթաժողովը փաստաթուղթ նախապատրաստել, որի տակ կկարողանան ստորագրել Բաքուն ու Երևանը: Այս մասին նոյեմբերի 30-ին «Գոլոս Ռոսիի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Հուսով եմ, որ մեզ կհաջողվի անել դա: Վերջին շրջանում հարաբերական անդորր է նկատվում տարածաշրջանում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:
Միևնույն ժամանակ, ըստ Լավրովի, դժվար է ասել, որ Աստանայի գագաթաժողովի ընթացքում առաջխաղացում կլինի հակամարտության կարգավորման հարցում:
Նա նշել է, որ Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ ՄԽ գլխավոր քարտուղարության համանախագահներից մեկը, զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ: «ՌԴ նախագահն անձամբ է զբաղվում այս հարցով: Նրա նպատակն է ստեղծել համապարփակ փաստաթուղթ` «Կարգավորման հիմնական սկզբունքները», որը հիմք կհանդիսանա իրավաբանորեն պարտավորեցնող վերջնական համաձայնագրի ստեղծման համար: Սկզբունքների ճնշող մեծամասնությունը, որոնք կարող էին հակամարտության կարգավորման հիմնաքար դառնալ, արդեն համաձայնեցվել են: Բայց դեռևս առկա են լուրջ խնդիրներ»,-հայտարարել է Լավրովը: