Home / Армения / Հայաստանի իշխանություններին դեռևս խնայում են. ԱԺ պատգամավոր

Հայաստանի իշխանություններին դեռևս խնայում են. ԱԺ պատգամավոր

Միացյալ Նահանգների արտաքին հարցերով զբաղվող անձինք շատ պրոֆեսիոնալ ձևով են աշխատում և այս բազմազանությունն իսկապես շատ հետաքրքիր էր: Նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով WikiLeaks-ի աղմկահարույց բացահայտումների մասին:

Պատգամավորի կարծիքով, հրապարակված փասթաթղթերն իրենց ազդեցությունը կունենան, սակայն Մարտիրոսյանի համար առավել հետաքրքիր են չհրապարակված փասթաթղթերը:

«Հրապարակված փասթաթղթերով Հայաստանի իշխանություններին, կարծես թե, դեռևս խնայում են և այնպիսի փասթաթղթեր չեն հրապարակվել, որոնք անմիջական մեծ ճնշում կարելի է համարել, հրապարակային», – ասել է պատգամավորը: Արմեն Մարտիրոսյանը չի բացառում, որ ՀՀ իշխանությունները կարող են ոչ հրապարակային քայլեր կատարած լինեն, որը «իրենց վրա որպես ճնշում կարող է օգտագործվել»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու են խնայում ՀՀ իշխանություններին, պատգամավորը ենթադրեց, որ իշխանություններից դեռ սպասելիքներ կան և «անհրաժեշտություն չկա հրապարակային ճնշումների մեխանիզմ օգտագործել»:

«Գումարած դրան այս փասթաթղթերի հրապարակմամբ պետությունները, որոնք որոշակի խանգարում էին Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը, ըստ էության, պետք է որ մի փոքր ավելի խելոքանան», – կարծում է քաղաքական գործիչը:

Նման արտահոսքը Մարտիրոսյանը ԱՄՆ ձախողումը չի համարում, քանի որ նա դեռևս չի տեսել այսպիսի «օպերատիվ տեղեկատվության արտահոսք»:

«Անպայման չէ, որ դա Պետքարտուղարության կողմից իրականացված լինի: Միացյալ Նահանգները, այսպես ասեմ, բարվոք վիճակում են այն առումով, որ նրանք միշտ այլընտրանքներ ունեն նաև կառավարման առումով և այդ այլընտրանքներից մեկը կարող է իրականացրած լինեն», – ասել է Մարտիրոսյանը:

Սակայն պատգամավորը չի կարծում, որ այս դեպքը մեծ խնդիր է, իսկ բացասական ազդեցությունն այն կունենա ոչ թե ԱՄՆ, այլ երրորդ երկրների համար: