Home / Հայաստան / Հրապարակի տոնածառը կսկսեն տեղադրել առաջիկա շաբաթվանից

Հրապարակի տոնածառը կսկսեն տեղադրել առաջիկա շաբաթվանից

Երևանի քաղաքապետարանում նոյեմբերի 30-ին հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում առկա խնդիրներին ու համաքաղաքային ընթացիկ ծրագրերին առնչվող հարցեր։ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ այս տարի ամանորյա նախատոնական աշխատանքներն ավելի վաղ են սկսվել։

Վարչական 12 շրջաններում արդեն ընտրված են տոնածառեր տեղադրելու վայրերը, Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի տեղադրումը կսկսվի առաջիկա շաբաթվանից։ Տոնական միջոցառում է նախատեսված նաև Կարապի լճի սահադաշտում։ 
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետի և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի՝ Կոմիտասի անվան պանթեոն կատարած այցի ընթացքում նշվել էր, որ հայտնի դերասան Մհեր Մկրտչյանի հուշաքարն անհրաժեշտ է փոխել` «այն դարձնելով վարպետի հիշատակին վայել ու ներկայանալի»։

Հարցին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից արագ ընթացք է տրվել. քանդակագործ Արա Շիրազը Երևանի քաղաքապետարանի պատվերով արդեն սկսել է կերտել հայ կինոյի մեծ վարպետի հուշաքանդակը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի կայքը։